Մատչելիության հղումներ

Ըստ Կիևի, Ղազախստանը չի միանա Ռուսաստանի հայտարարած մթերային էմբարգոյին


Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Տեսարան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայից

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով, Աստանան Կիևի հետ աշխատելու է միջազգային առևտրի նորմերից ելնելով։

Ղազախստանը չի միանալու մթերային էմբարգոյին, որ Ռուսաստանը հունվարի 1-ից հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ։ Այդ մասին երեկ Կիևում հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության առևտրի ներկայացուցիչ Նատալյա Նիկոլսկայան։

«Աստանան իր այս դիրքորոշումը հստակ հայտարարել է և ասել է, որ դուրս չի գալու ԱՊՀ շրջանակում գործող ազատ առևտրի ռեժիմից։ Մենք հավաստիացումներ ենք ստացել մեր ղազախստանցի գործընկերներից, որ այսուհետ ևս Աստանան մեզ հետ աշխատելու է միջազգային առևտրի նորմերից ելնելով», - ասել է Նիկոլսկայան։

Ուկրաինացի պաշտոնյայի փոխանցմամբ, Աստանան ուղիներ է փնտրում, որպեսզի շրջանցի Մոսկվայի արգելքը ուկրաինական որոշ ապրանքների համար։

Այսօր, եթե Մոսկվան հայտարարում է էմբարգո այս կամ այն ուկրաինական ապրանքի համար, այդ արգելքը, համաձայն Եվրասիական տնտեսական միության կանոնադրության, տարածվում է նաև միության անդամ մյուս պետությունների վրա։

Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունվարի 1-ից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի ռեժիմը կասեցնելու մասին փաստաթուղթ է ստորագրել, իր հերթին՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը դիմելու է պատասխան քայլի։

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն էլ երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ի վիճակի չէ ֆինանսավորել ավելի վաղ համաձայնեցված ծրագրերը, որոնց արժեքն է շուրջ 3 միլիարդ դոլար, և Ղրղըզստանը ստիպված է լինելու դիմել երրորդ երկրներին դրանց ֆինանսավորման համար։ Այդ մասին Ղրղըզստանի նախագահը հայտարարել է երեկ Բիշքեկում կայացած ամենամյա մամուլի ասուլիսին։

«Նավթի գները նվազում են, և ստեղծված իրավիճակում, օբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանը ի վիճակի չի լինի այդ ծրագրերը ֆինանսավորել», - ասել է Աթամբաևը։

Այս տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է, որ իսկապես կան որոշ խնդիրներ․ խոսքը, մասնավորապես, երկու հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին է, որի շուրջ պայմանավորվածությունը երկու երկրների ղեկավարները ձեռք էին բերել 2012 թվականին։ Ծրագրի արժեքը 3 միլիարդ դոլար է։

«Մենք, իհարկե, պետք է ուրիշ հովանավորներ գտնենք, քանի որ այս ծրագրերը չափազանց կարևոր են Ղրղըզստանի համար, և ես այդ մասին ասել եմ Պուտինին», - երեկ հայտարարել է Ղրղըզստանի նախագահը։

XS
SM
MD
LG