Մատչելիության հղումներ

logo-print

Հակառակորդի նշանակետի տակ գտնվող առաջին տունը Բաղանիսում՝ Ալավերդյաններինն է: Հալ ու քեֆ հարցնողներին տան լուսամուտներն են ցույց տալիս. դիրքերին նայող տան պատուհանները փակել են ձմռան վառելափայտով, որ գնդակները տուն չմտնեն:

«Որ շարում ենք՝ ապահովության միջոց ա, բայց կարող ա և փամփուշտը մեջը մնա, չզգանք, կրակը գցելու վախտ պայթի: Էտ էլա․․․ պտի շատ զգույշ ըլինք, որ ըտենց բան չըլի», - պատմում է տանտերը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս գիշեր սահմանին լարվածությունը թուլացել է, կրակոցներ քիչ, բայց հնչել են:

Երեք տղաներին Ռուսաստան` արտագնա աշխատանքի ճանապարհած 75-ամյա Սիրանույշ տատը այդ կրակոցներին արդեն սովորել է, բայց վախենում է թոռների համար, ովքեր ուր որ է` վերադառնալու են:

«Մեր մահվան ժամանակն ա, բայց թե, որ էրեխեքը ընդեղից գալ տին, այ էդ ա», - ասում է նա:

Հակառակորդի նշանակետի տակ տասնամյակներ անցկացնելուց հետո Ալավերդյան ամուսինները տունը երկու մասին են բաժանել` վտանգավոր ու ապահով սենյակներ: Տղաներին խոպան են ուղարկել, ապրում են հիմնականում նրանց ուղարկած օգնությամբ, թոշակով ու տնամերձ հողամասից ստացած բերքով: Մութն ընկնելուն պես աշխատում են հողամաս չմտնել՝ կրակոցները հիմնականում գիշերն են սկսվում:

Տուն եկողներին ցույց են տալիս նախորդ գիշեր կրակահերթից տան բակ հասած գնդակները, սակայն հարևանները չեն զարմանում՝ մի քանիսն էլ իրենք են հավաքել:

Սիրանույշ տատն ամեն օր տանից դուրս գալիս չգիտի` արդյո՞ք հետո ներս կմտնի: Տասնյակ տարիներ մահվան վտանգը գլխին կախված՝ չի պատրաստվում լքել գյուղը, թեպետ տղաներն առաջարկել են իրենց մոտ՝ Ռուսաստան գնալ: Գյուղապետից դժգոհ չէ, ասում է՝ նրա ձեռքից եկածը միայն վնասները հաշվելն է, փոխհատուցումը կառավարությունից են պահանջում: Տան կտուրը հազիվ էին նորոգել՝ նախորդ գիշերվա կրակոցներից կրկին վնասվել է:

Իրենց սահմանապահ համարող տարեց ամուսինները, սակայն, չեն տրտնջում ու անգամ սոցիալական պայմաններից չեն բողոքում: Սոված չեն մնում, պարզապես նեղսրտում են` ինչ էլ ուտեն` նախկին անհոգ ու խաղաղ կյանքի համը չեն առնում:

«Էնա․․․ սահմանապահը մենք ենք, էլի․․․», - հոգոց է հանում Սիրանույշ տատը:

XS
SM
MD
LG