Մատչելիության հղումներ

44 տոննայից ավելի բեռների տեղափոխումը կարգելվի


Հայաստանի ճանապարհները պահպանելու համար Տրանսպորտի և կապի նախարարությունը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել․ արդեն հաջորդ տարվանից կտուգանվեն բեռ փոխադրող այն մեքենաները, որոնք կկշռեն 44 տոննայից ավելի։ Բացառություն է արվում միայն չմասնատվող բեռների դեպքում՝ յուրաքանչյուր մեքենայի համար սահմանելով հավելյալ տասը հազար դրամի վճար:

Օրեր առաջ խորհրդարանում նախագծի քննարկումն անցավ բավական թեժ մթնոլորտում, սակայն ընդունվեց հանրապետական մեծամասնության աջակցությամբ:

«44-ից հետո մեկ տոննա բեռի համար 200.000 տուգանքը անընդունելի է մեզ համար, գոնե լինի 10 տոկոս՝ այսինքն 4-4.5 տոննա ավել բարձելու համար: Այլապես ինչ է ստացվում մոտավորապես 30-40 քմ ծավալ ունեցող մեքենան որ մի լավ ձյուն գա վրեն, 2-3 տոննա կավելանա», - հայտարարեց «Օրինաց երկրից» Հովհաննես Մարգարյանը:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանն էլ եզրակացրեց․ - «Դա նշանակում է բեռ բիզնեսի վրա, կարող ա ընենց լինի, որ էդ տուգանքները էնքան շատանա, որ մենք խաթարենք ոլորտի բնականոն գործունեությունը»:

Պատգամավորները նշում էին՝ հայաստանյան բոլոր ճանապարհները չեն, որ անթերի են: Հաճախ այնպես է ստացվում, որ դրանց պատճառով բեռնատարներն են վնասվում, սակայն վարորդներին որևէ մեկը չի փոխհատուցում։

Ի դեպ, բեռնափոխադրող ընկերություններից շատերը այսօր մեզանից էին տեղեկանում օրեր առաջ ընդունված օրինագծի վերաբերյալ։ Սրտնեղում էին` իրենց նախօրոք չեն զգուշացրել, իրենց կարծիքը լսող չի եղել:

Տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը համոզված է՝ փոփոխությունների արդյունքում ոլորտը կանոնակարգվելու է։ Խոստանում են խիստ լինել օրինազանցների հետ։

«44-ից հետո երթևեկությունը դադարեցվում է մինչև վերականգնելը և իհարկե տուգանվում է», - ասաց պաշտոնյան:

Թեև օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաշվված օրերից, սակայն դրանց գործարկման համար անհրաժեշտ կշեռքները դեռ պատրաստ չեն։ Օրենքի ընդունումից հետո տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը պնդում է` գումարները դեռ նոր պետք է գտնեն դրամաշնորհների միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG