Մատչելիության հղումներ

Բնապահպան․ Գետերի ջուրն անխնա օգտագործվում է հոսանք արտադրելու համար


«Էկոլուր» բնապահպանական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյան

«Էկոլուր» բնապահպանական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյան

Հայաստանի գետերի վրա գործող 87 ՀԷԿ-երն ուսումնասիրելուց հետո բնապահպանները եզրակացրել են. վիճակն աղետալի է։

«Էկոլուր» բնապահպանական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը, ով այս նախաձեռնության հեղինակն էր, ասում է. գետերի ջուրն անխնա օգտագործվում է հոսանք արտադրելու համար՝ առանց լուրջ հաշվարկների ու վերահսկողության։

«Էդ բոլորը պետք է լուրջ ուսումնասիրվեին, մինչև դու կարող էիր գրել, որ էս գետերի վրա կարելի է կառուցել, էս գետերի վրա չի կարելի կառուցել։ Չկար այդպիսի ուսումնասիրություն։ Վերցրել են 40, 50, 60 տարվա ուսումնասիրությունները՝ չհասկանալով՝ մենք հիմա էս իրավիճակը ունե՞նք, թե՞ չունենք, ընդհանրապես գետերում էդ ջուրը պահպանվել է, չի պահպանվել», - պատմում է նա:

Բնապահպանն ահազանգում է հատկապես Լոռու և Վայոց ձորի գետերի վիճակի մասին։ Համոզված է. Եղեգիսն ու Տանձուտը շուտով կցամաքեն։ Միայն լեռնային փոքրիկ Եղեգիսի վրա 17 ՀԷԿ են կառուցել։ Ընդ որում, միմյանց այնքան մոտ, որ ջրի 50 տոկոսից ավելին անընդհատ խողովակներում է։

«Մեր գետերը ծանրաբեռնված են փոքր ՀԷԿ-երի կասկադներով: Ինքը դուրս է գալիս ոչ թե գետ, այլ մտնում է մյուս ՀԷԿ-ի խողովակը: Փաստորեն դա ստացվում է, որ դու ոչ թե առանձին փոքր ՀԷԿ ունես, այլ ունես ահագին մեծ ՀԷԿ, ուղղակի՝ կասկադային: Դա լրիվ ուրիշ է, նրանք պետք է ենթարկվեն լրիվ ուրիշ գնահատականի և՛ շրջակա միջավայրի, և՛ այնտեղ լրիվ ուրիշ պրոյեկտ պետք է լինի: Սա արդեն կատաստրոֆիկ վիճակ է», - ասում է Ինգա Զարաֆյանը:

Այդպիսի գետերում ձկնապաշարների մասին խոսք անգամ չկա. կառուցելով ՀԷԿ-ը, սեփականատերերը չեն պահպանել ձկների ձվադրման ու զարգացման անհրաժեշտ պայմանները։ Ըստ բնապահպանների, որոշ հազվագյուտ ձկնատեսակներ արդեն վերացել են կամ ոչնչացման վտանգի տակ են։

Դեռ տարիներ առաջ կառավարությունը էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն աջակցելու ծրագրեր սկսեց։ Միջազգային բանկերը շահավետ պայմաններով վարկեր էին տրամադրում, փոքր ՀԷԿ-երի թիվը տարեցտարի ավելանում էր` որոշ դեպքերում անգամ համայնքների դիմադրության պայմաններում:

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես ՀԷԿ-երի սեփականատեր գտանք գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդու` Սերգեյ Լոքյանի անունը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր նախ ԱԺ-ում, հետո արդեն՝ կառավարությունում։ ՀԷԿ-եր ունեն նաև Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, Վանաձորի քաղաքապետի եղբայրը, Վայոց ձորի հոգևոր առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի եղբայրը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Բնապահպանը սրա պատասխանն ունի. անվճար ձեռք բերված հումքի հաշվին արտադրանք են ստանում, որի իրացման համար Հայաստանում խնդիրներ չկան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պարտավոր է գնել ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիան` ցանկացած քանակությամբ։

Երեկ իր տարեվերջյան հաշվետու ասուլիսում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ևս փաստեց, որ լուրջ խնդիրներ կան։ «Էկոլուրի» իրականացրած ուսումնասիրությանը մասնակցել են նաև նախարարության աշխատակիցներ ու անձամբ արձանագրել իրավիճակը։

«Բնապահպանության նախարարությունը տեսնում է, որ արդեն խնդիրներ ունենք ՀԷԿ-երի հետ կապված, որպեսզի այդ տարածքներում մենք այլևս ՀԷԿ-երի թույլտվություններ չտրամադրենք», - ասաց Արամայիս Գրիգորյանը:

Նախարարը, չհստակեցնելով, թե ինչու մինչև հասարակական կազմակերպության նախաձեռնությունը իրենք չեն իրականացրել նման ստուգումներ, կամ ինչու են շարունակ տվել թույլտվություններ, ասաց՝ բացի տույժ ու տուգանքներ կիրառելը, հետևողական են լինելու՝ սեփականատերերին պարտադրելու են ծախսեր անել ու փոխել իրավիճակը։

XS
SM
MD
LG