Մատչելիության հղումներ

Ռուսների գրոհները Սիրիայում՝ «պատերազմի հանցագործություն»


ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պարզաբանումներ է տալիս լրագրողներին, Մոսկվա, 23-ը դեկտեմբերի, 2015թ.

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պարզաբանումներ է տալիս լրագրողներին, Մոսկվա, 23-ը դեկտեմբերի, 2015թ.

Մոսկվան հերքում է իրավապաշտպանների ներկայացրած մեղադրանքը։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Սիրիայում Ռուսաստանի օդուժի գրոհները կարող են որակվել որպես «պատերազմի հանցագործություն»։

Խոսքը, մասնավորապես, բնակելի թաղամասերը, մզկիթները և բժշկական կենտրոնները ռմբահարելու և հրթիռակոծելու մասին է։ Զեկույցում ասվում է, թե «ծայրաստիճան կարևոր է այդ փաստերի մասով անցկացնել անկախ և անկողմնակալ հետաքննություն»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես արձագանքել է Amnesty-ի հրապարակմանը, հերքել է մեղադրանքը և հայտարարել, որ «զեկույցը հիմնված է կարծրատիպերի, կեղծիքի և ստի վրա»։

«Մենք ծանոթացել ենք այդ զեկույցին։ Ինչպես միշտ՝ ոչ մի կոնկրետ, ոչ մի նոր բան, հին կլիշեներ, կեղծիքներ, ինչը մենք նախկինում էլ ենք բացահայտել», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ - «Այնտեղ կան այսպիսի արտահայտություններ. «հավանաբար, ռուսական օդային գրոհներ», «միջազգային իրավունքի հավանական խախտում» և այլն, այլ կերպ ասած` ոչ մի բան, անհիմն ենթադրություններ»։

Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից է օդային արշավ իրականացնում Սիրիայում։ Ըստ վերլուծաբանների, Մոսկվայի համար առաջնահերթությունը Բաշար ալ-Ասադի վարչակարգի պաշտպանությունն է։

Նախկինում էլ Ռուսաստանը պնդել է, թե ամեն կերպ փորձում է կանխել բնակելի թաղամասերի ռմբահարումները։

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության հավաքում իր ելույթում ասել է, որ ռուսների օդային գրոհից տասնյակ մարդիկ են սպանվել, հավելելով․ - «Մենք խստորեն դատապարտում ենք դեկտեմբերի 20-ին Իդլիբում ռուսական օդուժի գործողությունը։ Գրոհի ընթացքում հարվածների են ենթարկվել շրջանի վարչակազմի շենքը և բնակելի տներ: Ըստ ընդդիմության, սպանվել է 40 և վիրավորվել է 35 մարդ։ Բայց զոհերի թիվն արդեն 200-ի է հասել»։

Վերջերս Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Մոսկվային և Ասադին մեղադրել է Սիրիայում արգելված զինատեսակ` «կասետային ռումբեր» կիրառելու համար։

Amnesty-ն էլ, իր հերթին, պնդում է, որ ունի ապացույցներ՝ այդ թվում տեսագրություններ և լուսանկարներ, որոնք վկայում են, որ ռուսները Սիրիայի խիտ բնակեցված թաղամասերը ռմբահարում են չկառավարվող ռումբերով։ Ռուսներն, իհարկե, հերքում են նաև այդ մեղադրանքը։

«Ինչ վերաբերում է «կասետային ռումբերին», ռուսական օդուժը դրանք չի օգտագործում: Ես այստեղ դահլիճում տեսնում եմ օտարերկրացի տասնյակ լրագրողների, ովքեր անձամբ եղել են Հմեյմիմում [սիրիական բնակավայր, որտեղ գտնվում է ռուսների օդային ռազմակայանը], նկարահանել են թռիչքներին նախապատրաստվելու ընթացքը, օդ բարձրանալը, վայրէջքը։ Ոչ ոք գոնե մեկ անգամ չի հարցրել այդ զինատեսակի մասին, որովհետև մենք այնտեղ` Սիրիայի օդային բազայում չունենք այդպիսի զենք», - ասել է գեներալ-մայոր Կոնաշենկովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը նաև բազմիմաստ ակնարկով նկատել է տվել, որ միջազգային իրավապաշտպան կառույցները կողմնակալություն են դրսևորում․ - «Սիրիայում հակամարտությունը գրեթե 5 տարի է տևում, մոտ 300 հազար մարդ է սպանվել, զարմանալի է` ինչո՞ւ է Amnesty International-ը նախքան ռուսական օդային արշավը շրջանցել այն հարցը, թե ովքեր են պատերազմի հանցագործություններ կատարել Սիրիայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG