Մատչելիության հղումներ

Կոմիտասին նվիրված «Վարդապետի լռությունը» ֆիլմը վաղը կներկայացվի հանդիսատեսին


«Վարդապետի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, արխիվ:

«Վարդապետի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, արխիվ:

Լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն այսօր ներկայացվեց լրագրողներին, իսկ վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի պրեմիերան:

«Ես ծնվել եմ՝ մեր տանը Կոմիտասի պատկերը կար: Յուրաքանչյուր հայ ունի Կոմիտասի իր մեկնաբանությունը: Ահա այս զգացումը սարսափելի մի տագնապ-պատասխանատվության դաշտ էր ստեղծում իմ շուրջը», - ֆիլմի շնորհանդեսին ընդառաջ հրավիրած ասուլիսում ասաց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Ֆիլմը տպավորիչ է: Գլխավոր հերոսը գրող է․ վերջապես լսում ես նորմալ, խոսակցական, բայց կիրթ հայերեն ֆիլմի հերոսների շուրթերից: Վերջին տարիներին հայ հանդիսատեսին այնքան են գռեհիկ, փողոցային լեզվով ֆիլմեր մատուցել, որ նույնիսկ առաջին պահին անակնկալի ես գալիս:

Գլխավոր հերոսը Էդգար Նովենցն է, ով գիրք է գրում՝ փորձելով պարզել Մեծն Կոմիտասի 1915 թվականից հետո 20-ամյա լռության պատճառը Փարիզի հոգեբուժարաններում:

«Ինձ հետաքրքիր է մտավորականը: Որովհետև ինձ համար ազգի ավանգարդում մտավորականն է, որը ձևավորում է ազգի դիմագիծը, տեսակը», - ասաց Չալդրանյանը՝ շարունակելով․ - «Ինձ համար էս ֆիլմը մի նոր ազգային զարթոնք է, վերածնունդ: Հավատացեք, որ սա չեմ ասում ուղղակի: Էս 24 տարվա անկախության տարիներին ես ապրել եմ խորը հիասթափություններ, վերելքներ, ուրախություններ, շատ ու շատ բաներ: Երկու անգամ բացառիկ հպարտություն եմ ապրել որպես քաղաքացի՝ 88 թվականին՝ ղարաբաղյան շարժման սկզբում, երբ ես, ի թիվս մյուսների, երջանիկ էի․․․ և ընդամենը վերջերս, երբ Վատիկանում Հռոմի պապը Տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն: Այդ օրը ես երևի աշխարհի ամենահպարտ քաղաքացին էի»:

«Ես իրոք հավատում եմ», - շարունակեց Չալդրանյանը: - «Եթե ես չհավատայի, մյուսների պես․․․ երևի հավատը կորցրած մարդիկ գնացին էս երկրից: Այսօր Էդգար Նովենցը պատահական կերպար չէ: Ես հավատում եմ այդ հերոսի հաղթանակին: Եվ հավատում եմ, որ, այնուամենայնիվ, այդ մեկ-մեկ հերոսները գալով՝ կձևավորեն մտավորականություն ասած խավը․․․ Վերջերս մի բան ասացի՝ շատերը նեղվել էին․ կան մտավորականներ, բայց մտավորականությունը՝ որպես խավ, մենք կորցրել ենք: Որովհետև մտավորականությունը դա կենսաձև է, դա այն մարդն է, որը արթնանում է ժողովրդի մասին մտածելով»:

XS
SM
MD
LG