Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա


Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա։ Անցած շաբաթ պատգամավորը Գևորգ Կոստանյանին էր ուղարկել 5 ընտրատեղամասի ստորագրություններով ու կնիքով արձանագրության քաղվածքներ, պնդելով, որ դրանցում առկա տվյալները չեն համապատասխանում ԿԸՀ-ի հրապարակած թվերին։ Դատախազության որոշումն ընդդիմադիր գործչի համար անակնկալ չէր։

«Երբ մենք բերում ենք ընտրակեղծարարության ակնհայտ ապացույցներ՝ կեղծված փաստաթղթեր, տեսաժապավեններ, նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող վարվել», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցությանը ղեկավարը չի շտապում կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա քննությունը, նշում է՝ ներկայացված փաստերը բավարար հիմքեր տալիս են պնդելու, որ տեղի է ունեցել համակարգված ընտրակեղծարարություն:

«Եթե 8 մարդ գալիս են հանցավոր համաձայնության, նրանք հո աննորմալ չեն, գիժ չեն, որ գնան ակնհայտ կեղծիքի: Սա նշանակում է, որ իրենց մեջքին հովանավոր են զգացել, հրահանգը եկել է ինչ-որ տեղից, որը իրենց համար ընկալվել է որպես երաշխիք, որ պատժի չեն ենթարկվի», - ասում է նա:

Մինչ այժմ իրավապահներն ուսումնասիրել են ընդհանուր առմամբ 487 ահազանգ, որոնց ծանրակշիռ մասը՝ 428-ը, ըստ դատախազության, պարունակել են առերևույթ հանցագործության մասին տվյալներ, 46-ի փաստով հարուցվել է քրեական գործ, մեղադրյալների կամ կասկածյալների մասին տեղեկություններ չկան։

«Մենք մեր ձեռքում եղած բոլոր միջոցները կկիրառենք, որ հետևենք, թե ինչպես է գնում այդ գործերի քննությունը: Հաղորդումները մենք ենք տվել, մենք էլ, բնականաբար, կբողոքարկենք բոլոր այն որոշումները, որոնք, մեր կարծիքով, չեն համապատասխանել Քրեական դատավարության օրենսգրքին», - նշում է Զուրաբյանը:

Հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց խորհրդարանում անհրաժեշտ 27 ստորագրություն հավաքել։ Չնայած դրան՝ ընդդիմադիրները փորձեցին դիմումը հասցնել Գագիկ Հարությունյանին, սակայն բողոքը դատարանի մուտքից առաջ չանցավ։

Հավաքված ավելի քան 5 ժամ տեսագրություններն ու 90 էջանոց փաստերի փաթեթը ՀԱԿ-ը երեկ ներկայացրել է նաև Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչներին։

«Սա մարդու իրավունքների խնդիր է, և միջազգային հանրությունն էլ ունի իր պարտավորությունները՝ հետևելու, որ մարդու իրավունքները պաշտպանվեն, ընտրական գործընթացները լինեն մաքուր», - ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ ՀԱԿ-ն այս պահին աշխատում է մի քանի տասնյակ հաղորդումների վրա, որոնք առաջիկայում կուղարկվեն Գլխավոր դատախազություն։

XS
SM
MD
LG