Մատչելիության հղումներ

Ստեփան Գրիգորյանը վերլուծում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

«Հայաստանը պետք է զգույշ լինի։ Այո, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք, բայց մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանին մեր օդը օգտագործել, մեր օդակայանները օգտագործել, քանի որ եթե մենք թույլ ենք տալիս, ուրեմն՝ մենք թիրախ ենք դառնում»։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը։

Հիշեցնենք, Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը երեկ Մոսկվայում ստորագրեցին Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

«Այդ համակարգը ինչ է նշանակում՝ որ Ռուսաստանը ասում է՝ «մենք ապահովենք ձեր անվտանգությունը օդային, տվեք մեզ հնարավորություն, օրինակ, Հայաստանում գտնվող ռուսական բազայից ռմբակոծել իսլամական տեռորիստներին»։ Ես սա այդպես եմ դիտում», - ասաց վերլուծաբանը։

Հարցին, թե սա Հայաստանի համար ապահո՞վ համաձայնագիր է, թե՞ լավ կլիներ, որ Հայաստանը խուսափեր ստորագրել այն, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. - «Լավ կլիներ, որ ընդհանրապես խուսափեինք մտնել կոնֆլիկտների մեջ։ Մենք մեր կոնֆլիկտը ունենք, չենք կարող լուծել։ Բայց մյուս կողմից՝ այլ երկրներ մեզ այլ բան չէին առաջարկում, ուրեմն՝ գոնե դա թող լինի, գոնե Ռուսաստանը պատասխանատու լինի մեր անվտանգության, նաև մեր օդային անվտանգության կոնտեքստում։ Միգուցե դա նույնիսկ անհրաժեշտ է հիմա, բայց մեկ անգամ էլ կրկնում եմ, որ եթե Ռուսաստանը օգտագործի մեր բազաները, մեր տարածքները՝ ինչ-որ գործողություն կատարելու Թուրքիայի դեմ, Սիրիայում «Իսլամական պետության» դեմ, դա բերում է նրան, որ մենք դառնում ենք թիրախ: Միգուցե այս պայմանագիրը հենց միտված է նրան, որ Ռուսաստանն ասում է՝ «մենք ձեզ կպաշտպանենք, ի՞նչ եք ուզում»։

«Իրավիճակը կիսապատերազմական է»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին՝ վերլուծաբանն այն որակեց կիսապատերազմական։

«Իրավիճակը, ես կասեի, իրոք կիսապատերազմական է։ Դա ինչ է նշանակում՝ որ Ադրբեջանը չի հայտարարում, որ վերսկսեց պատերազմը, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ այդ լարվածությունը գրեթե դառնում է պերմանենտ՝ անընդհատ լարված վիճակ, անընդհատ զինադադարի խախտում։ Հաճախ է լինում, որ, այո՛, նմանվում է ռազմական գործողությունների», - ասաց Գրիգորյանը։

Վերլուծաբանի կարծիքով, լարվածության նոր փուլը կապված է նաև նոր գործոնների հետ։ «Առաջին գործոնը ես համարում եմ շատ կարևոր՝ դա ռուս-թուրքական հարաբերությունների սրումն է։ Եթե հիշում եք, ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից երկու-երեք օր հետո [Թուրքիայի վարչապետ] Դավութօղլուն գնաց Բաքու ու Բաքվում հայտարարեց՝ «մենք կաջակցենք ձեզ ազատել տարածքները, որոնք Ղարաբաղի շուրջ են», և այլն։ Դա ոգևորեց ադրբեջանցիներին», - ասաց Ստեփան Գրիգորյանը։

Որպես երկրորդ գործոն՝ վերլուծաբանը նշեց. - «Այս վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանն անցավ նախապայմանային քաղաքականությանը, երբ որ իրենք ասում են՝ «դուք պետք է զորքերը դուրս բերեք ու վերջ»: Եթե իրենք քաղաքական ինչ-որ խաղեր էին տալիս, անընդհատ շեշտադրումները փոխում էին, բայց հիմա դա դառնում է հստակ իրենց դիրքորոշումը, այսինքն՝ իրենք հստակ, ես այդպես եմ համարում, Մադրիդյան սկզբունքներից սկսեցին հրաժարվել, ասում են՝ «Մադրիդյան սկզբունքներում կա մի սկզբունք, որը մեզ համար կարևոր է, ու վերջ», ա՛յ դա նոր, ես կասեի, վերջնական ձևավորված քաղաքականություն է»:

«Ու այդ երկու գործոնները հիմա աշխատում են», - ամփոփեց վերլուծաբանը:

XS
SM
MD
LG