Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը հրաժարական ներկայացրեց


Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ
Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Իրակլի Ղարիբաշվիլին չի հստակեցնում պատճառները, միայն նշում է, որ սա իր անձնական որոշումն էր:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի քան երկու տարի տևած պաշտոնավարումից հետո հրաժարական ներկայացրեց: Այս մասին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց չորեքշաբթի երեկոյան` վրացական առաջատար հեռուստաալիքների ուղիղ եթերում:

Կառավարության շենքի վերին հարկում` Հավլաբարում գտնվող նախագահական պալատի և Սուրբ Երրորդության տաճարի ֆոնին կանգնած, Ղարիբաշվիլին դիմեց երկրի քաղաքացիներին:

«Անկեղծ ասած, պաշտոնը երբեք էլ ինձ համար ինքնանպատակ չի եղել՝ լինի դա վարչապետի թե ներքին գործերի նախարարի պաշտոնը: Պաշտոններն անցողիկ են, մնայուն են միայն հայրենիքն ու Աստված: Այսօր ես որոշեցի լքել վարչապետի պաշտոնը», - հայտարարեց նա:

2013-ի նոյեմբերից կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ղարիբաշվիլին, սակայն, այդպես էլ չհստակեցրեց իր հրաժարականի պատճառները: Նա միայն նշում է, որ սա իր անձնական որոշումն էր:

«Ամեն մարդ ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունի: Իմ բոլոր քայլերը հիմնված էին այդ ընտրությունից բխող պատասխանատվության վրա: Այդ պատասխանատվության զգացումով էի առաջնորդվում, երբ ընտանիք էի կազմում, ընտրում էի աշխատանքային ուղիս, մուտք էի գործում քաղաքականություն, երբ մենք բոլորս միավորվեցինք Բիձինա Իվանիշվիլիի շուրջ, որպեսզի փրկենք երկիրը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին:

Ամփոփելով իր վարչապետության 25 ամիսները՝ Իրակլի Ղարիբաշվիլին պնդում էր, որ դրանք աչքի ընկան աննախադեպ հաջողություններով:

«Վերջին երկու տարիներն մի շարք պատմական իրադարձություններ տեղի ունեցան: Իմ պաշտոնավարման ընթացքում էր, որ Վրաստանը Ասոցացման համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: Հաշվված օրեր առաջ էլ Եվրամիությունը որոշեց ազատ վիզային ռեժիմ սահմանել մեր երկրի հետ», - հայտարարում էր Վրաստանի արդեն նախկին վարչապետը՝ հավելելով․ - «Մեր ժողովրդավարությունը շատ երիտասարդ է, ուստի խիստ կարևոր է, թե ինչ օրինակ ենք մենք ծառայելու մեր զավակների համար»:

Վրացական օրենսդրության համաձայն՝ վարչապետի հրաժարականի դեպքում դադարեցվում են նաև նախարարների կաբինետի բոլոր անդամների լիազորությունները: Առաջիկա յոթ օրերին Վրաստանի նախագահը նոր վարչապետի թեկնածությունը պետք է համաձայնեցնի խորհրդարանական մեծամասնության հետ և այն ներկայացնի օրենսդիրների դատին: Հետագայում արդեն վարչապետի պաշտոնում առաջադրված գործիչը պետք է խորհրդարանին ներկայացնի ապագա նախարարների թեկնածուներին` վստահության քվե ստանալու ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG