Մատչելիության հղումներ

Արարատի խաղողագործները սպառնում են վաղը ճանապարհ փակել, եթե չստանան դեռ երկու ամիս առաջ մթերված խաղողի գումարը։ Քաղցրաշենցի գյուղացիները պատմում են՝ ստիպված են եղել խաղողը շուկայականից շատ ցածր գնով հանձնել գյուղում գործող «Վինար» ընկերությունը, հույս ունենալով, որ գոնե մինչև ամանոր կվճարվեն։

Քաղցրաշենի 630 ընտանիքից 430-ը խաղողագործությամբ է զբաղվում։ Գյուղացիները նշում էին, որ ունեցած ողջ գումարը ներդրել են այգիները զարգացնելու համար: Աշնանը, սակայն, ստիպված են եղել բերքը հանձնել անգամ 40 դրամով։

«Շահույթ չունեցանք, գոնե տան՝ որքան ծախսել ենք», - ասում էին խաղողագործները, - «Մարզպետը գալիս ասում էր՝ 110-ով, մարզպետը թողնում գնում էր, էդ 110-ով երկու մեքենա ընդունեցին՝ փոխեցին 70, փոխեցին 60»:

«Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը չցանկացավ նկարահանվել, սակայն պնդեց, որ գոնե այս տարի գյուղացուն չեն կարողանա վճարել՝ գումար չունեն։ Գործարարի խոսքով, իրենք նախատեսված 500 տոննայի փոխարեն 3000 տոննա են մթերել՝ վարչապետի ու մարզպետի խնդրանքը չմերժելու համար։ Արդյունքում՝ 200 միլիոն դրամի պարտք են կուտակել, որը սակայն, չեն կարող մարել, մինչև գինին վաճառքի դուրս չգա:

«Երբ 500 տոննայից քանակը անցել է, ես բոլորին հայտարարել եմ, որ մնացած գումարները կարող եք ստանալ մարտ-ապրիլ ամիսներին: Հանրապետությունում մի քանի գործարաններ են կարողացել մարել, մեծ մասը չի մարել, բայց մեր ընկերությունը խնդիր չունի: Ես երեկ էլ հայտարարեցի իրենց հետ հանդիպման ժամանակ, որ մարտին եմ ասել, բայց կփորձեմ հնարավորինս ավելի շուտ տալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետ Գալստյանը:

Արարատցիները աջակցության խնդրանքով դիմել են կառավարությանն ու նախագահի աշխատակազմին։ Մթերող ընկերության տնօրենը ևս կառավարության օգնությանն է սպասում։

«Կլինի վարկավորում՝ ես շատ արագ այդ գյուղացիների գոնե 50 տոկոսը կփակեմ: Բայց դա ոչ մարզպետից է կախված, ոչ ինձանից: Դա ավելի բարձր ինստանցիաներից է կախված, որ աջակցեն», - ասում է «Վինար» ընկերության տնօրենը:

XS
SM
MD
LG