Մատչելիության հղումներ

Ենթադրյալ հանցախմբի անդամները շարունակում են չընդունել իրենց մեղսագրվող հանցանքը


Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, արխիվ:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը, արխիվ:

«Ազատություն»-ը զրուցել է կալանավորվածներից ոմանց փաստաբանների հետ:

Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված և իբրև հանցավոր խմբավորման ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը անընդունելի է համարում շրջանառվող տեղեկատվությունը, թե իր պաշտպանյալը և նրա կողմից ձևավորված խումբը ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Նոյմբերի 25 -ին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում ձերբակալված, ապա կալանավորված 34-ամյա Արթուր Վարդանյանը մեղադրվում է «հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու և ապօրինի զենք պահելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից»:

«Խոսվում է ինչ-որ տեռորիստական ակտերի մասին․․․ Բավական է նայել առկա քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրվում տվյալ դեպքում իմ պաշտպանյալը, և տեսնել, որ տեռորիստական ակտի մասին բացարձակ ոչ մի բան չկա: Ավելորդ մակդիրներ՝ տեռորիստներ, այլ բնութագրումներ, ընդհուպ նաև սցենարներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Այսօր մամուլում հրապարակվել է, թե այդ սցենարներով, մասնավորապես, ծրագրված է եղել «գրավել նախագահական նստավայրը, Ազգային ժողովը, կառավարությունը, Սահմանադրական դատարանը, հեռուստաաշտարակը» և թե «գլխավոր գործողությունը պետք է իրականացվեր դեկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիա մեկնող նախագահի ինքնաթիռը պայթեցնելով»:

«Ես մամուլում կարդացել եմ: Ինձ դա հիշեցրեց հոլիվուդյան գերհագեցած ֆիլմ: Տեղյակ չեմ, բնականաբար, նմանօրինակ սցենարից: Եթե նման բան կա, նախաքննության ավարտին հանրությունը տեղյակ կլինի», - այդ առնչությամբ ասաց Բաղդասարյանը:

«Իմ պաշտպանյալը ընդունում է, որ զենքը եղել է իրենը, բացառապես իրենը», - շարունակեց նա: - «Բայց այն հոդվածները, որ դրված են իր վրա, չի ընդունում»:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Արթուր Վարդանյանը հերքել է, որ մտադրություն է ունեցել գրավել Նախագահի նստավայրը, պայթեցնելու ինքնաթիռը, փաստաբանը պատասխանեց․ - «Նման մեղադրանք չի էլ առաջադրվել, որ հերքեր կամ ընդուներ»:

Դիտարկմանը, թե հանցավոր համագործակցությունը կարող է դիտվել որպես ահաբեկչական գործողություն, Բաղդասարյանն արձագանքեց․ - «Քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, և կա ահաբեկչական ակտի հետ կապված համապատասխան դրույթ, հոդված: Իմ պաշտպանյալը այդ հոդվածով չի մեղադրվում: Դրանով ամեն ինչ ասված է․․․ Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ նաև այդ հոդվածը, դա այլ խնդիր է, այլ գնահատման խնդիր է: Եվ վերջին հաշվով, նախաքննության ավարտից հետո պետք է նաև փորձել ապացուցել դա: Նաև այս հոդվածները, որ դրված են, դա ևս իմ պաշտպանյալը չի ընդունում»:

Անցած ամիս Արթուր Վարդանյանի հետ միաժամանակ կալանավորվել էին մոտ 2 տասնյակ մարդիկ: Ազգային անվտանգության ծառայությունը թեև թվեր չի հրապարակում, սակայն փաստաբանների տեղեկություններով՝ կալանավորվածների թիվը ավելացել է:

Թե ովքեր են նրանք՝ նախաքննական մարմինը չի հրապարակում: Թերևս բացառություն արվեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մասով, ում երկուշաբթի օրը հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանք ներկայացվեց:

Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը փոխանցել էր, որ նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, թեև ընդունել է, որ ճանաչում է խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանին:

Նշենք, որ վերջինիս հետ կալանավորված խմբի անդամների մեջ են նաև երիտասարդ կանայք, ովքեր մեղադրվում են հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Հարազատ քույրեր Ասյա Մկրտչյանի , Մարինե Կաթանյանի և երեկ 23 տարին բոլորած Նելլի Մինասյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեքն էլ հրաժարվել են ցուցմունք տալ և իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում են՝ առանձին խցերում, տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները արգելանքի տակ են:

Փաստաբանը փոխանցեց, թե աղջիկները հոգեպես ճնշված են․ - «Մեզ ապացույց իրականում չի ներկայացվել մինչ այժմ: Հիմնավոր չի նույնիսկ մեղադրանքը: Հիմնավոր կասկած գոյություն ունի թե ոչ՝ ապացույցներ մեզ չեն ներկայացրել կոնկրետ հանցավոր համագործակցության մասնակցելու, կազմակերպված խմբի կողմից զենքեր ձեռք բերելու ու պահելու մեջ»:

Հարցին, թե ինչ է դրված մեղադրանքի հիմքում, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Երևի իրենք կարծում են, որ եթե տան մեջ այդքան զենք է հայտնաբերվել, ուրեմն բոլորը մեղավոր են․․․ Բայց դա այդպես չէ: Վերջիվերջո, եթե զենք է մի տնից հանվում, դա չի նշանակում, որ հանցավոր խումբ է, և տան մեջ ովքեր որ կան, մասնակից են այդ հանցավոր խմբավորմանը»:

Հիշեցմանը, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալը հայտարարել է, թե այդ խումբը ծրագրում էր իրականացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների «առանձնակի դաժանությամբ սպանություններ», փաստաբանն արձագանքեց․ - «Ինքը հայտարարեց․․․ Մենք էլ ասում ենք՝ նման բան գոյություն չունի, ներկայացրեք ապացույցներ»:

Հարկ է հավելել, որ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս որևէ մանրամասն չի հաղորդում աղմկահարույց այդ գործի առնչությամբ:

XS
SM
MD
LG