Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Վլադիմիր Կարապետյանն այսօր հանդիպել են Երևանում Եվրոպական միության պատվիրակության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ռումինիայի ժամանակավոր հավատարմատարների հետ:

ՀԱԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ, Զուրաբյանը ներկայացրել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքը՝ գնահատելով այն որպես «ամբողջությամբ կեղծված», իսկ հայտարարված արդյունքները՝ «Հայաստանի ժողովրդի արտահայտված կամքին լիովին հակառակ»:

«Խոսվեց հանրաքվեի ընթացքի, բռնությունների, լցոնումների, հաշվարկի ժամանակ տեղի ունեցած համատարած խարդախությունների, վերահաշվարկի ներկայացված դիմումների մերժման, հանրաքվեի արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկման ընթացքի, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու խնդրի վերաբերյալ, ներկայացվեց հանրաքվեի արդյունքների վրա զանգվածային օրինախախտումների ազդեցության գնահատականը՝ հիմնված Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների և վիճակագրական վերլուծությունների վրա», - ասված է հաղորդագրությունում։

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ այժմ պատրաստվում են ընտրական գործընթացին վերաբերող ավելի քան 100 քրեական գործերով դիմել դատախազություն:

«Ներկայացվեցին նաև Հայ ազգային կոնգրեսի Հայաստանում ժողովրդավարության վերականգնմանն ուղղված հետագա քայլերը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված արդյունավետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ ընտրական օրենսգրքի ընդունումը, ինչը կնպաստի ազատ և արդար ընտրությունների անցկացմանն ու ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ստեղծմանը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ շարունակելու աշխատանքային նման հանդիպումները», - ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG