Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ազատականացնում է վիզային ռեժիմը Վրաստանի հետ


Վերին Լարսի անցակետը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին, արխիվ
Վերին Լարսի անցակետը Վրաստանի և Ռուսաստանի սահմանին, արխիվ

Թբիլիսիում այս քայլը դրական են գնահատում՝ կտրականապես հերքելով, թե փոխարենը Ռուսաստանը կարող է զիջումներ պահանջել Վրաստանի կառավարությունից:

Այսօրվանից Ռուսաստանը ազատականացնում է վիզային ռեժիմը Վրաստանի հետ: Այդ մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան:

Երեկ աշխատանքային օրվա ավարտին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական կայքում զետեղված մեկնաբանության մեջ մասնավորաբար նշված է. - «Ռուս-վրացական հարաբերությունների բարելավման համատեքստում` նպատակ ունենալով խթանել երկու երկրների միջև առկա դրական միտումները, Վրաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 23-ից սկսած կտրամադրվեն ՌԴ տարածք ցանկացած քանակությամբ մուտք ապահովող գործնական, աշխատանքային, ուսումնական, հումանիտար և մասնավոր վիզաներ: Դրանք կձևակերպվեն առանց հաշվի առնելու հրավիրող և հրավիրվող անձանց միջև ազգակցական կապի առկայությունը»: «Մենք չենք բացառում հետագայում նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման հավանականությունը», - հավելում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Թբիլիսիում ռուսական կողմի այս քայլը դրական գնահատեցին` կտրականապես հերքելով, սակայն, վրացական մամուլում շրջանառվող կարծիքները, թե փոխարենը Ռուսաստանը կարող է զիջումներ պահանջել Վրաստանի կառավարությունից:

Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության երեկոյան եթերում նշում էր․ - «Մենք նախկինում էլ բանակցությունների պրահյան ձևաչափի շրջանակում այս հարցը քննարկում էինք Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: Կարծում եմ, որ ռուսական կողմից սա դրական քայլ էր: Ինչ վերաբերում է զիջումներին` ի՞նչ զիջումներ պետք է կատարի Վրաստանը: Առանց այդ էլ Ռուսաստանի քաղաքացիները Վրաստանի տարածք մուտք են գործում առանց վիզաների: Այլ նախապայմանների մասին մենք բանակցությունների ժամանակ չենք խոսել»:

Վրացական մամուլում հայտնված որոշ հրապարակումների համաձայն, սակայն, պաշտոնական Մոսկվան Թբիլիսիի առջև որոշ նախապայմաններ, այնուհանդերձ, առաջ է քաշել` պնդելով, որ միայն դրանց կատարման դեպքում հնարավոր կլինի անցումը ազատ վիզային ռեժիմի: Դրանց թվում են իբր Ռուսաստանը Վրաստանին, ապա նաև Հայաստանին կապող աբխազական երկաթուղու վերագործարկումը, ինչպես նաև Մոսկվայի հետ 2008 թվականից խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը:

Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ կվերականգնի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցնի Աբխազիայում և Հարավային Օսիայում բացված ռուսական դեսպանությունների գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG