Մատչելիության հղումներ

Գորիսեցի թոշակառուները տանը վերարկուով են շրջում


Տիկին Լենան, ցրտից կուչ եկած, կիսասառած ձեռքերով, հազիվ է շարժվում սենյակում. հաշմանդամ կինը արդեն մի քանի շաբաթ է` անկողնուց գրեթե դուրս չի գալիս, բայց ոչ թե առողջական խնդիրների, այլ ցրտի պատճառով: Ստացած 35 հազար դրամ թոշակը հիմնականում դեղորայքին ու սննդին է բավականացնում, կացարանը ջեռուցելու հնարավորություն չունի:

«Սա ինչա՞․․․ լուչշե տանեն մեզ կտորեն՝ ծովը ածեն», - դժգոհում է նա, - «Ի վիճակի չենք դեղ առնենք, հաց առնենք, էս մինը առնենք․․․ կարում էլ չեմ հանգիստ խոսամ»:

Տարիներ առաջ Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ կառուցված այս շենքում ապրում են Գորիսի ամենաաղքատ ընտանիքները` միայնակ, տարեց թոշակառուներ, հաշմանդամներ ու փախստականներ: Ընդհանուր առմամբ՝ 14 ընտանիք, որոնցից որևէ մեկն այսօր ջեռուցման համար վճարելու հնարավորություն չունի: Մեր այցելության ժամանակ բնակարաններում ջերմաստիճանը տասից չէր անցնում, ծեր թոշակառուները ստիպված տանը վերարկուներով էին շրջում:

Շենքը ջեռուցման համակարգ ունի, սակայն կաթսայատունը կողպեքի տակ է, երկար ժամանակ է` չեն գործարկում: Այստեղ բնակվող տարեցները հարազատներ չունեն, օգնության խնդրանքով Գորիսի քաղաքապետարան են դիմել, սակայն աջակցություն այդպես էլ չեն ստացել:

«Ասում եմ՝ մեռնում ենք, կտորվում ենք, ցուրտա: Մի քիչ օգնություն ա, պեն ա․․․ գոնե մի 20 տոկոս ա, թե՝ 50 տոկոս ա․․․ մի գոնե էս երկու ամիսը», - պատմում է տիկին Լենան:

Եվրոպական բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացված այս մոդելը Գորիսում, գոնե այս ձմռանը, իրեն չի արդարացնում: Ի տարբերություն Արևմուտքի, միայնակ թոշակառուների եկամուտը չի բավականացնում անգամ սննդին ու դեղորայքին, քաղաքապետարանն էլ ամսական 200 հազար դրամ չունի` աջակցելու համար: Արդյունքում `14 ընտանիք օրը մթնեցնում է սառնամանիքի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG