Մատչելիության հղումներ

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ներքո


Պատժամիջոցների կիրառման պատճառը ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ փոխկապակցված լինելն է:

Միացյալ Նահանգերի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվել է այն ընկերությունների, անձանց հավելյալ ցանկը, որոնց հաշիվները ԱՄՆ-ում սառեցվել են և որոնց արգելվում է գործ ունենալ ամերիկյան ընկերությունների, քաղաքացիների հետ:

Մյուս խմբում այն կազմակերպություններն են, որոնց արգելվում է ամերիկյան ընկերություններից կամ Միացյալ Նահանգների քաղաքացիներից ներգրավել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ:

ՎՏԲ-Հայաստան բանկը հայտնվել է երկրորդ խմբում, որի անվան դիմաց նաև նշված է, որ այն փոխկապակցված է ռուսաստանյան ՎՏԲ բանկի հետ:

«Ազատության» հետ զրույցում ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանը մանրամասնեց, թե պատժամիջոցի պատճառով այլևս չեն կարողանա ԱՄՆ-ից 30 օրից ավելի ֆինանսական միջոցներ ներգրավել:

Միաժամանակ, Սարգսյանը ընդգծեց՝ պատժամիջոցը ազդեցություն չի ունենա բանկի վրա, որովհետև պահանջված միջոցները ներգրավվում են ոչ թե ամերիկյան ֆինանսական շուկայից, այլ մայր կազմակերպությունից՝ ՎՏԲ բանկից․ - «Ներկա պարագայում ցանկում հայտնվելը որևէ իրողություն որևիցե կերպ չի փոփոխում: Այսինքն մենք, որպես բանկ, չենք ներգրավել նմանատիպ միջոցներ և չունենք որևիցե խնդիր դրա հետ կապված»:

Սարգսյանը նշեց, որ ՎՏԲ-Հայաստան բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները:

Ամերիկյան կառավարության այս պատժամիջոցների պատճառը Ուկրաինայում շարունակվող հակամարտությունն է: Վաշինգտոնը ռուսաստանյան ընկերությունների, այդ երկրի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սկսել է կիրառել 2014 թվականից, սակայն հիմա պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այլ երկրներում ռուսաստանյան կապիտալով գործող ընկերությունները:

Բացի Հայաստանից, պատժամիջոցներ են կիրառվել Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում, Ավստրիայում, Շվեյցարիայում և այլուր գործող ռուսաստանյան կապիտալով ընկերությունների նկատմամբ:

Անցած տարի հուլիսին ռուսաստանյան ընկերությունների, քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ կառավարության պատժամիջոցների սահմանումից հետո Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նախազգուշացնելով Հայաստանի կառավարությանը և գործարարներին, որ ռիսկեր կառաջանան պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցի պաշտոնյաների ու ռուսաստանյան ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, պատժամիջոցը բացասաբար կանդրադառնա բանկի հեղինակության վրա․ - «Եվ այն մարդիկ, ովքեր հիմա գործ են ուզում ունենալ կամ գործ ունեն ՎՏԲ բանկի հետ, ինչ-ինչ պատճառներով, հիմնականում հենց այս հանգամանքը օգտագործելով, այլևս չեն ցանկանա իրենց հետ գործ ունենալ, կամ եթե գործ ունենան էլ, ավելի շուտ կսահմանափակեն իրենց ծրագրերը այդ բանկի հետ: Դա միանշանակ բացասական ազդեցություն է ունենալու»:

XS
SM
MD
LG