Մատչելիության հղումներ

Այսօրվանից ուժի մեջ մտան նոր սահմանադրության 16 գլուխներից 5-ը, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի հիմունքներին, պետության քաղաքականության հիմնական նպատակներին, տնտեսական սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքներին, տեղական ինքնակառավարմանը, օմբուդսմենին և մարդու իրավունքներին:

«Այո»-ի կողմնակից դաշնակցական Արծվիկ Մինասյանը փոփոխության մեկ օրինակ է բերում․ - «Դրանք առօրյա կյանքում լինելու են շատ պարզ և շատ հստակ: Մասնավորապես, որևէ պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին առանց քաղաքացուն լսելու չի կարող նրա նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացնել»:

Հայաստանի կառավարման կարգը փոփոխող՝ կիսանախագահականը խորհրդարանական դարձնող գլուխները ուժի մեջ կմտնեն մինչև 2018 թվականը մի քանի փուլերով՝ ուղեկցվելով նաև օրենսդրական փոփոխություններով: Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնող իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հին սահմանադրությանը դեռ հրաժեշտ չենք տալիս․ - «Ես դեմ եմ կտրուկ գծեր քաշելուն: Սա նույն սահմանադրությունն է, պարզապես՝ բարեփոխված: Մենք մի փուլից անցնում ենք դեպի այլ փուլ՝ մեզ հետ վերցնելով այն դրականը, որ ուներ նախկին կիսանախագահական համակարգը, և գնալով դեպի պառլամենտական համակարգ»:

Շարմազանովն ասում է՝ այս փուլում իրենց հիմնական խնդիրը Ընտրական օրենսգիրքը նոր սահմանադրությանը համապատասխանեցնելն է՝ մինչև 2016 թվականի հունիսի 1-ը: Այդ նպատակով պատրաստվում են համագործակցել խորհրդարանական բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ ընդդիմադիրների:

Սահմանադրական փոփոխություններին դեմ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է՝ նոր ընտրական օրենսգրքի մասին խոսելը վաղ են համարում: Զուրաբյանն ասում է՝ նոր սահմանադրության և ոչ մի գլուխ ուժի մեջ մտած չեն համարում, շարունակելու են հանրաքվեի բողոքարկման գործընթացը: Թեև Սահմանադրական դատարանը չի ընդունել իրենց բողոքը՝ այն ուղարկել են փոստով․ - «Ասում են, որ չենք ստացել: Պատվիրված փոստով կարող է 3-5 օրվա ընթացքում հասնի: Կստանան՝ այդ ժամանակ կխոսենք»:

Զուրաբյանը շեշտում է՝ այսօր պաշտոնապես ուժի մեջ են մտնում հիմնականում մարդու իրավունքներին վերաբերող գլուխները, սակայն հենց սահմանադրական հանրաքվեն մարդու իրավունքների խախտումներով է անցել․ - «Սահմանադրությունը կեղծիքով անցկացնելու այս ձևով արդեն կառուցել են խարխլված մի շենք: Ֆունդամենտը արդեն խախուտ է՝ սա մեկ: Երկրորդը՝ ո՞վ կարող է հավատալ, որ իշխանությունների նպատակը մարդու իրավունքների ամրապնդումն է կամ պաշտպանության խորացումը, եթե հենց այդ սահմանադրությունը ընդունելու ձևը մարդու իրավունքների, մասնավորապես՝ ազատ ընտրության, ազատորեն որոշում ընդունելու իրավունքի կոպտագույն խախտումներով է ընդունվել»:

«Այո»-ի վստահ կողմնակից, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասում է՝ այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխությունները հիմք են փոփոխությունների համար․ - «Սպասման տեսակետից՝ ավելի դրական սպասումներով Հայաստան»:

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շարքերը համալրած «Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը ևս կարծում է, որ կարող է դրվել նոր փուլի սկիզբ․ - «Նախևառաջ պետք է այնպես լինի, որ ընտրական գործընթացները հերթական կասկածամտության և անվստահության հիմքը չստեղծեն: Հիմա, եթե կա դրված խնդիր, քաղաքական կամք իշխանության կողմից, որ իսկապես ինքը գնալու է դրան, ուրեմն այդ ընտրական օրենսգրքում դա կլինի: Եթե չէ՝ ստանալու ենք հերթական պրոբլեմը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, նկատում է՝ ընտրակեղծիքներն արգելված են գործող Ընտրական օրենսգրքով էլ, իսկ նոր օրենսգիրքը քննարկել չեն պատրաստվում․ - «Ես չեմ կարծում, որ որևիցե մի բանավեճ Ընտրական օրենսգրքի շուրջ պետք է վարել այս հանցագործների հետ: Նրանց տեղը մեղադրյալի աթոռն է»:

XS
SM
MD
LG