Մատչելիության հղումներ

Բռնության ենթարկված ակտիվիստների գործերը կասեցվել են


Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, արխիվ:

Ավարտվող տարում բռնության ենթարկված ընդդիմադիր ակտիվիստների գործերը, ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից, կասեցվել են՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով»։

Տարեսկզբին Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը բարձրաձայնեց Ազատության հրապարակում ոստիկանի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության մասին․ - «Քաշեց, գցեց գետնին, կանչեց մյուս ոստիկաններին, հարվածներ, քաշքշուկ, և եթե այնտեղ քաղաքացիները չմոտենային, փորձում էին տանեին ոստիկանություն: Առանց որևիցե պատճառի տեղի ունեցավ հարձակում»:

Գևորգ Սաֆարյանը առավել լուրջ վնասվածքներ էր ստացել անցած տարեվերջին․ Երևանի կենտրոնում օրը ցերեկով կոշտ առարկայով հարված էր ստացել գլխին: «Ակնհայտ է, որ կազմակերպված այդ մահափորձը տեղի է ունեցել ռեժիմի կողմից, և հրաման է եկել, որ գործը չբացահայտեն: Թե՛ Քննչական կոմիտեն, թե՛ Հատուկ քննչական ծառայությունը, թե՛ դատարանները, թե՛ ոստիկանությունը․ սրանք նույն ռեժիմի մի մասն են և ենթարկվում են մի կետի հրամաններին: Մեր փորձը ցույց է տվել, որ անիմաստ է այլևս իրենց հետևից ընկնել և փորձել իրենց ստիպել աշխատել»:

Տարեսկզբին դաժան ծեծի էր ենթարկվել նաև քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Նա պնդում է, որ իր նկատմամբ կիրառված բռնության հետևում կանգնած է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս ժխտել է մեղադրանքը:

Հիմնադիր խորհրդարանի մեկ այլ անդամ Հրաչյա Միրզոյանին դանակահարել էին Գյումրիում: Միջադեպից օրեր անց ձերբակալել էին մեկին, որին Միրզոյանը ճանաչել էր որպես իրեն դանակահարող:

«Նրան կալանավորեցին, այնուհետև մոտ երկու ամիս հետո բաց թողեցին: Եվ քանի որ այս սահմանադրական փոփոխություն կոչված թատրոնին պետք էին այդպիսի դերակատարներ, այդ մարդը ազատության մեջ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը:

Ակտիվիստը համարում է, որ տեղի ունեցածը պատվեր էր՝ ցույց տալու, որ իշխանությանը քննադատող ցանկացած մեկի հետ կարող է նման բան տեղի ունենալ․ - «Նախաքննությունը տարվում է՝ միտումնավոր թաքցնելով հետևյալը․ ո՞րն էր այդ մարդու շարժառիթը ինձ դանակահարելու: Չէ՞ որ ես նրա հետ որևէ առնչություն չեմ ունեցել»:

Այդ հարձակման հետևանքով փայծաղից զրկված Միրզոյանը վստահ է, որ նախաքննությունը ձգձգվում է միտումնավոր:

Փետրվարին առևանգվել ու դաժան ծեծի էր ենթարկվել ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանը։

Ամիսներ առաջ դաժան ծեծի ենթարկվեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նա պնդում է, թե իր հետ հաշվեհարդար են տեսել քաղաքական հայացքների պատճառով: Այդ գործը ևս դեռ դատարան չի մտել: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, բռնությունը վերջին տարիներին դարձել է հանրային ակտիվությունը ճնշելու հիմնական միջոցը: Իսկ ոստիկանությունն ու քննչական մարմինները գործում են միայն իշխանությունների հրահանգի դեպքում․ - «Տեսանելի է այն, որ հենց այս ձևով է իշխանությունը փորձում ճնշել այդ բողոքի ակցիաները, քաղաքացիական հասարակության՝ որևէ իրադրության նկատմամբ ընդվզումը: Ոստիկանությունը ոչ թե օրենքին է ծառայում, ինչպես երբեմն մենք լսում ենք ոստիկանապետի հայտարարություններից, այլ ծառայում է այդ մի խումբ անձնաց շահերին»:

«Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Վիլեն Գաբրիելյանին, Արտակ Խաչատրյանին և Գևորգ Սաֆարյանին բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական գործերի վարույթները կասեցվել են՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով։

XS
SM
MD
LG