Մատչելիության հղումներ

Մանաթի արժեզրկումը խուճապ է առաջացրել Ադրբեջանում


Ադրբեջանական խանութները փակ են, պատճառը մանաթի արժեզրկումն է, Բաքու, 22-ը դեկտեմբերի, 2015թ.

Ադրբեջանական խանութները փակ են, պատճառը մանաթի արժեզրկումն է, Բաքու, 22-ը դեկտեմբերի, 2015թ.

Տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը փակ է, աշխատող կետերի մոտ հսկայական հերթեր են, խանութներում էլ աննախադեպ հերթեր և իրարանցում, խուճապ է։

Ադրբեջանցիները փորձում են իրենց ազգային տարադրամի պաշարները վերածել արտարժույթի կամ ապրանքի։

Նրանք գնում են ամեն ինչ` տեխնիկա, սպասք, կահույք, ավտոմեքենա․․․ որևէ բան, որ կծառայի, կամ հետագայում հնարավոր կլինի վաճառել։

Ազգային տարադրամի` մանաթի գինը երեկվա վճռով այլևս որոշվում է լողացող փոխարժեքով։ Եթե դեռ կիրակի օրը ամերիկյան մեկ դոլարն արժեր 1 մանաթ և կես քեփիք, ապա երեկվանից՝ արժե 1 մանաթ 55 քեփիք։

«Դոլար կամ եվրո են վաճառում ընդամենը մի քանի բանկ և փոխանակման կետ։ Արտարժույթ գրեթե չկա», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Բաքվի մի բնակիչ։

Փոխանակման կետերի առավել ճարպիկ աշխատողները 1 դոլարն առաջարկել են 1 մանաթ 60 քեփիքով։ Երեկ մեծ թվով խանութներ պարզապես փակվել են, քանի որ խուճապահար մարդիկ անմիջապես փորձել են գոնե ինչ-որ իր ձեռք բերել՝ նախքան առևտրականները կբարձրացնեն գները։

Փակվել էին նույնիսկ խոշոր առևտրի կենտրոնները։ Դրամի փոխանակման կետերում սահմանել էին դոլար գնելու առավելագույն չափը՝ 500 դոլարից ավելի քաղաքացին գնել չէր կարող։

«Ոչ մի բանկ չի վաճառում դոլար, սա ի՞նչ բան է, մի՞թե այսպես կարելի է սնանկացնել ժողովրդին»,- վրդովված գանգատվել է մի բաքվեցի։ - «Ես բանկերին պարտք էի 100 հազար դոլար, մի գիշերում պարտքս հասավ 150 հազարի, ավելացավ 50 տոկոսով: Բա կարելի՞ է էդպես կողոպտել մարդկանց: Սա աղետ է, սրանք տունս քանդեցին»։

Բաքվում կոշիկի խանութի աշխատակիցը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, թե խանութի տնօրենը կարգադրել է փակել դռները, դադարեցնել վաճառքը, քանի որ այլապես խանութը կսնանկանա։

Ադրբեջանի կենտրոնական բանկը երեկ հայտարարել է, թե մանաթի լողացող փոխարժեքի որոշում է ընդունել պետության արտարժույթի պաշարները պահպանելու համար։

Ընդդիմությունը, ինչպես նաև մեծ թվով տնտեսագետներ դատապարտել են մանաթն այդ աստիճանի անսպասելի և դրամատիկ արժեզրկելու՝ Կենտրոնական բանկի որոշումը։

«Ադրբեջանի մանաթին ուղարկել են լողացող կուրսի, բայց ոմանք մոռացել են նրան լողալ սովորեցնել», - ասել է Հանրապետական այլընտրանքային ընդդիմադիր կուսակցության անդամ և տնտեսագետ Նաթիք Ջաֆարլին։

Ադրբեջանի Ժողճակատի նախագահ Ալի Քերիմլին ասել է, թե իշխանությունը սպանում է ազգային տարադրամը․ - «Մանաթը սպանում են եսասեր, կոռումպացված և անկարող իշխանավորները: Հիմա կլինի գնաճ, ռոճիկները, թոշակները, ավանդները, ամեն բան, ինչ մանաթով է` 55 տոկոսով արժեզրկվում է»։

Ի դեպ, սա Ադրբեջանում 2015-ին արդեն երկրորդ խոշոր արժեզրկումն է։ Առաջին անգամ մանաթը դոլարի նկատմամբ 30 տոկոսով արժեզրկվել է ընթացիկ տարվա փետրվարին։

Ֆինանսական սեկտորի փորձագետ Աքրամ Հասանովը ասել է, թե շատ երկրներում է տեղի ունենում ազգային տարադրամի արժեզրկում, բայց ոչ մի տեղ դա չի եղել այդչափ դաժան, որքան Ադրբեջանում․ - «Խոշոր բանկերն ու մեծահարուստները շատ չեն տուժի: Հիմնական կորուստը շարքային մարդիկ են կրելու»։

«Պարզ է, որ սրա պատճառը նավթն է», - ասել է մի անանուն քաղաքացի։

Փորձագետները նույնպես այդ բացատրությունն են տալիս։ Իսկապես, համաշխարհային շուկաներում նավթի գինն անկում է ապրում, վաղ թե ուշ պետք է հարվածի տակ հայտնվեին այն երկրները, որոնց հիմնական եկամուտն էներգակիրներն են ապահովում։ Նմանօրինակ ճգնաժամ է նաև Ղազախստանում և Ռուսաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG