Մատչելիության հղումներ

logo-print

Քըրբի․ «Սատարում ենք շփման գծում բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկները»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբի, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանություններ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Բեռնի հանդիպման կապակցությամբ:

Անցած շաբաթ օրը Բեռնում կայացած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կարևոր հնարավորություն ընձեռեց՝ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու և հստակեցնելու իրենց դիրքորոշումները: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով ներկայացնելով իր մեկնաբանությունները՝ Քըրբին ասել է նաև, թե «նախագահներն իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, և մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ»:

«Նրանց պահանջով, Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա: Համանախագահները նաև պատրաստ են աջակցել նախագահների հանդիպմանը եկող տարի՝ շարունակելու քննարկումները կարգավորման շուրջ», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Քըրբին հավաստիացրել է, որ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները «վճռականորեն նվիրված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդությանը»:

Հարցին էլ՝ շարունակո՞ւմ է արդյոք Պետդեպարտամենտը սատարել հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծումը, ինչպես հայտարարել է ավելի վաղ, և հիշեցմանը, որ այդ նախաձեռնությանը աջակցում են թե՛ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները և թե՛ հայկական կողմը, ու դրական արձագանք չկա միայն Ադրբեջանի կողմից, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը արձագանքել է․ - «Մենք սատարում ենք շփման գծի երկայնքով բռնության սպառնալիքի նվազեցման առաջարկները: Մինսկի խմբի մեր համանախագահ Ուորլիքը՝ իր ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, շարունակում է քննարկել այդ, բոլոր այդ միջոցառումները երկու կողմերի հետ»:

Որպես լարվածությունը նվազեցնելու մեկ այլ ուղի Քըրբին նշել է ժողովրդական դիվանագիտության խթանումը՝ «հատկապես Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև»: «Հայերը և ադրբեջանցիները սերունդներով ապրել են կողք կողքի, և մենք հավատում ենք, որ որպեսզի խաղաղություն հաստատվի, նրանք պետք է վերստին վստահեն միմյանց», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Ճշտող հարցին էլ՝ «բայց դուք կոչ անո՞ւմ եք Ադրբեջանի կառավարությանը սատարել դա», Քըրբին արձագանքել է, թե չի մանրամասնի դիվանագիտական քննարկումները, ու շարունակել․ - «Կարծում եմ, մենք շատ հստակ ենք արտահայտվել՝ ուր ենք հասել Մինսկի խմբի միջոցով և ինչ ենք ցանկանում տեսնել: Մենք ցանկանում ենք տեսնել ներկայացված առաջարկներ, որոնք բոլոր կողմերը կարող են կիրառել՝ ամրապնդելու խաղաղությունը և բարելավելու անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG