Մատչելիության հղումներ

Շարմազանով. Անցում է կատարվում մի փուլից մյուս փուլ


Էդուարդ Շարմազանով, արխիվ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր Սահմանադրության որոշ դրույթներ։ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, անցում է կատարվում մի փուլից մյուս փուլ։

«Ես դեմ եմ կտրուկ գծեր քաշելուն։ Սա նույն Սահմանադրությունն է, պարզապես՝ բարեփոխված։ Մենք մի փուլից անցնում ենք դեպի այլ փուլ, բնականաբար, մեզ հետ վերցնելով այն դրականը, որ ուներ նախկին՝ կիսանախագահական համակարգը, և գնալ դեպի պառլամենտական համակարգ։ Հուսով եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում, և ժամանակը ցույց կտա, որ դեկտեմբերի 6-ի որոշումը ճիշտ էր, Աստված տա, որ այդպես լինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ այսօր իրենց թիվ մեկ խնդիրն Ընտրական օրենսգրքի բարեփոխումն է։ «Ընտրական օրենսգիրքն է թիվ մեկ խնդիրը։ Պարտավորվածություն ունենք՝ մինչև հունիսի 1-ը Ընտրական օրենսգիրքը պետք է բարեփոխվի, նոր Սահմանադրությանը հարմարեցվի։ Բնականաբար, մինչև հունիսի 1-ը, արդեն գարնանային նստաշրջանը երբ որ սկսենք՝ փետրվարին, կսկսենք աշխատանքները հենց Ընտրական օրենսգրքի վրա, դա շատ կարևոր է», - ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, թե մեծամասնական ընտրակարգին հրաժեշտ ենք տալիս, բայց մարդիկ սովոր են իրենց տարածքից պատգամավոր ընտրել, և հարցին, թե մարդկանց զրկելո՞ւ են այդ հնարավորությունից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Նոր խորհրդարանը չի լինելու Երևանի խորհրդարան, որովհետև Հայաստանի Հանրապետության խորհրդարանն է, և մեխանիզմներ կլինեն, որպեսզի նաև տեղերի ներկայացուցիչները հնարավորություն ունենան ներկայացնելու՝ մարզերի բնակիչները կոնկրետ։ Ես կարծում եմ, որ ռեյտինգային քվեարկության տարբերակներ կլինեն։ Հիմա քննարկվում են տարբեր տարբերակներ։ Հիմա ճիշտ չէ, որ այդ տարբերակների մասին խոսեմ, քանի որ այդ տարբերակներից մի քանիսը մեր գլխում են, մի քանիսը ընդդիմության գլխում են»։

«Էդ ամեն ինչը, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հրապարակային՝ բոլոր քաղաքական ուժերը քննարկեն։ Մի խելքը լավ է, երկու խելքն ավելի լավ է։ Պետք է նստել և քննարկել։ Ամեն դեպքում, կքննարկենք, կտեսնենք։ Վեց խմբակցություն կա, ճիշտ չէ Հանրապետականն ասի, թե ինչ է լինելու։ Կապ չունի, որ ամենամեծն է, բայց մենք լսելու ունակություն ունենք, և պետք է լսենք նաև մեր ընդդիմության գործընկերների առաջարկները», - վստահեցրեց իշխող կուսակցության խոսնակը:

Անդրադառնալով վարչապետի հավանական թեկնածուներին, Շարմազանովն ասաց. - «Ես կարծում եմ, որ պետք է դանդաղ շտապել։ Պետք է հաջողության հասնել 2017 թվականի պառլամենտական ընտրություններում՝ դրանից հետո նոր մտածել։ Բայց, այնուամենայնիվ, դանդաղ պետք է շտապենք»։

XS
SM
MD
LG