Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Բելառուսի առջև պայմաններ է դնում


Միացյալ Նահանգները կոչ է անում Բելառուսին 2016 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխան: Կոչը ներառված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարությունում:

Անցյալ շաբաթ բելառուսական պատվիրակությունը Վաշինգտոնում էր, որտեղ քննարկվել են մարդու իրավունքների իրավիճակին ու ժողովրդավարական զարգացման խոչընդոտներին վերաբերող հարցեր:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ, բելառուսական պատվիրակության հետ քննարկվել են նաև խոսքի ազատության վիճակը, քաղաքացիական հասարակության զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, լրատվամիջոցների անկախությունը, օրենքի գերակայությունը որպես հիմնարար պայման ընդունելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը:

«Միացյալ Նահանգները ողջունում է այս տարվա օգոստոսին 6 քաղբանտարկյալներին ազատ արձակելու՝ բելառուսական իշխանությունների քայլը և կոչ է անում իշխանություններին շարունակել դրական քայլեր ձեռնարկել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում », - նշված է հայտարարությունում:

Մասնավորապես, Միացյալ Նահանգները Բելառուսին կոչ է անում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրականացնել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի սահմանած չափանիշներին համապատասխան:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ Բելառուսում ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը երկկողմանի հարաբերությունների պայմանն է և երկրի ապագայի պարզ հեռանկարը:

«Եթե Բելառուսը ապագայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում կատարի դրական քայլեր, Միացյալ Նահանգները կքննարկի համապատասխան քայլեր՝ հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար», - նշված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Միացյալ Նահանգները նաև նշում է, որ մնում է հավատարիմ Բելառուսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանն աջակցելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG