Մատչելիության հղումներ

Հացադուլը շարունակող ցմահ ազատազրկվածների հարազատները շարունակում են բողոքել


Ցմահ դատապարտյալների հարազատների ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ: 21-ը դեկտեմբերի, 2015 թ․
Ցմահ դատապարտյալների հարազատների ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ: 21-ը դեկտեմբերի, 2015 թ․

Պահանջը նույնն է՝ վերանայել ցմահ դատապարտյալների քրեական գործերը:

Քրեական գործերը վերանայելու պահանջով արդեն 8-րդ օրը հացադուլը շարունակող 32 ցմահ ազատազրկվածների հարազատներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Ցուցարարներին, սակայն, կառավարությունից ոչ ոք չընդունեց:

Դատապարտյալների հարազատները երթով շարժվեցին դեպի ԱԺ՝ ներկայացնելու իրենց պահանջները: Երբ տեղեկացան, որ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը զբաղված է ու չի կարող իրենց ընդունել, փակեցին Ազգային ժողովի ծառայողական մուտքը:

Առաջինը դուրս եկավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ): Ցուցարարների խնդրանքին՝ ԱԺ-ում բարձացնել քրեական գործերի վերանայման հարցը, Հակոբյանն արձագանքեց, թե դա բարդ հարց է, քանի որ նրանք մարդ են սպանել:

Հարազատները, մինչդեռ, պնդում են, որ հատկապես բանակում սպանությունների համար ցմահ դատապարտվածներից շատերի գործերը ենթակա են վերանայման, քանի որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, և չի բացառվում, որ շատերի պատժաչափը կարող է կրճատվել, իսկ ոմանք անգամ կարդարացվեն:

Խորհրդարանի ծառայողական մուտքից ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց ու փորձեցին փակել այն: Ոստիկանների հետ հրմշտոցի ընթացքում ոմանց ինքնազգացողությունը վատացավ:

Միայն այս միջադեպից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատասխանելով ցուցարարներից մեկի հեռախոսազանգին, խոստացավ վաղը նրանց ընդունել:

Ցմահ դատապարտյալների հարազատները նեղսրտում են՝ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հասցեագրված դիմումն ուղարկել է Արդարադատության նախարարին, իսկ վերջինս տասնմեկ կետից պատասխանել է միայն երկուսին:

Ցուցարարները մտավախություն ունեն, որ եթե շարունակ ձգձգվի ցմահ դատապարտյալների քրեական գործերի վերանայումը, նրանցից շատերը կարժանանան Սողոմոն Քոչարյանի ճակատագրին, ով 20 տարի անազատության մեջ մնալուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեց՝ անբուժելի հիվանդության պատճառով, և օրեր անց մահացավ հիվանդանոցում:

Քոչարյանի մայրը դիմել է իրավապահներին՝ պնդելով, որ քրեակատարողական հիմնարկը մոտ տասը տարի անտեսել է որդու առողջական ծանր վիճակի մասին բողոքները:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների դեմ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Ցուցարարները շուրջ 11 հազար ստորագրությամբ դիմում հանձնեցին Նախագահի նստավայր՝ պնդելով, որ այդքան մարդ միացել է իրենց պահանջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG