Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիրը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրն ու դրա իրականացումն ապահովող միջոցառումները, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է ծրագիրը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն իր հերթին անդրադարձել է առողջապահական գործոններով պայմանավորված ծնելիության բարձրացման հիմնախնդիրներին:

Զեկուցվել է, որ ծննդօգնության հավաստագրի ծրագրի տարեկան ֆինանսավորումը 4 միլիարդ դրամից հասցվել է 7 միլիարդի, ինչի արդյունքում էապես կրճատվել են մայրական և նորածնային մահացության դեպքերը: Մասնավորապես, 2013 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մայրական մահացության 8, իսկ 2015-ին՝ 5 դեպք: 1000 կենդանածինների հաշվով 2011-ին նորածնային մահացության ցուցանիշը կազմել է 11,7 տոկոս, իսկ 2014-ին՝ 8,7: Էապես կրճատվել է նաև անպտղության ցուցանիշը. 1999-ի 31,9 տոկոսի դիմաց 2014-ին այդ ցուցանիշը հասել է 14,8-ի: Նշվել է նաև, որ 1995-ին ՀՀ-ում իրականացվել է 30 հազար վաղաժամ ընդհատում, իսկ 2014-ին՝ 13 հազար:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ քննարկումների անցկացումն ու առաջիկայում դրա հաստատումը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցը և շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով խթանել ծնելիության աճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG