Մատչելիության հղումներ

logo-print

HRW. «Ռուսները Սիրիայում արգելված զենք են կիրառում»


PTAB-2.5M տեսակի չպայթած կասետային ռումբ, Սիրիա, դեկտեմբեր, 2012թ.

PTAB-2.5M տեսակի չպայթած կասետային ռումբ, Սիրիա, դեկտեմբեր, 2012թ.

Մոսկվան շարունակում է սատարել Ասադին։

Գույնզգույն մահաբեր «խաղալիքներ»

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում արգելված զենք` կասետային ռումբեր օգտագործելու համար։

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, սեպտեմբերի 30-ից, երբ ռուսները սկսել են Սիրիայում իրենց օդային արշավը, ինը բնակավայրերում արձանագրվել է այդ զենքի կիրառման առնվազն 20 դեպք։ Սպանվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ, այդ թվում 5 կին և17 երեխա, վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ։

Երկու անգամ ռուսները կասետային ռումբեր են նետել տեղահանվածների ճամբարների վրա։ Այդ զենքով ռմբահարվել են բացառապես Սիրիայի ընդդիմադիր ուժերի հսկողության տակ գտնվող տարածքները։

Ըստ HRW-ի՝ երեկ հրապարակած հայտարարության, այդ զինատեսակը կիրառում են ոչ միայն ռուսները, այլև Բաշար ալ-Ասադի բանակը։

«Քանի դեռ կասետային ռումբերով խաղաղ բնակիչներ են սպանվում, այդ զենքը չօգտագործելու մասին Սիրիայի իշխանության խոստումները դատարկ խոսքեր են», - ասել է Human Rights Watch-ի արտակարգ իրավիճակների բաժնի փոխտնօրեն Օլե Սոլվանգը։

Կասետային ռումբը հրեշավոր զենք է, այն արտաքինից սովորական ռումբ կամ հրթիռի մարտագխիկ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։

Հրթիռով արձակված կամ օդանավից նետված պատյանի պատերը որոշակի բարձրության վրա պայթում են, և մեծ տարածքի վրա վայր են ընկնում տասնյակ փոքրիկ ականներ․ դրանք կարող են լիցքավորված լինել թե՛ սովորական պայթուցիկով, թե՛ քիմիական նյութով։

Փոքր ռումբերը տասնամյակներ առաջ ունեին տեխնիկական թերություն` հաճախ չէին պայթում, ինչի արդյունքում ռմբահարված տարածքը փաստորեն ականապատվում էր։

Այդ վտանգի մասին զինվորներին նախազգուշացնելու համար ամերիկացիները ժամանակին ականները ներկում էին վառ գույներով։ Դա էլ մի ուրիշ պատուհաս էր․ այդ տարածքներում բնակվող երեխաների ուշադրությունը գրավում էին խաղալիքի նման գույնզգույն փոքրիկ գնդակները, մանուկները զոհվում կամ հաշմանդամ էին դառնում։

Հետագայում կասետային ռումբը կատարելագործել են: Հիմա ականների չպայթելու հավանականությունը գրեթե բացառվում է։ Եվ այնուամենայնիվ դա համարվում է «ոչ հումանիստական զենք»։

Դրա դեմ տարիներ տևած միջազգային արշավի արդյունքում 2010 թվականի օգոստոսի 1-ին ստորագրվել է «Կասետային զենքի արգելման» պայմանագիր։ Այսօրվա դրությամբ դրան միացել է 118 պետություն, բայց այդ ցանկում չկան կասետային զենքի խոշոր արտադրողները` Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը: Պայմանագիրը մերժել են ևս մի քանի երկրներ, այդ թվում Իսրայելը և Սիրիան։

«Մենք պոչ չենք խաղացնում»

Մինչդեռ Ռուսաստանը չի հրաժարվում Ասադին ցուցաբերվող աջակցությունից։ Այդ մասին նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է նաև «Աշխարհակարգ» վերնագրված վավերագրական ֆիլմում, որը երեկ հեռարձակել է «Ռոսիա» հեռուստակայանը։

«Մեզ հեշտ է աշխատել Ասադի հետ, ինչպես նաև ամերիկացիների, Սաուդյան Արաբիայի և արաբական այլ երկրների հետ։ Ինչո՞ւ՝ որովհետև մենք պոչ չենք խաղացնում, չենք փոխում դիրքորոշումը նախքան այն որդեգրելը` լսում ենք բոլոր կողմերին, ընտրում ենք գիծ, որն ընդունելի է բոլորի համար», - ասել է Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG