Մատչելիության հղումներ

Ստեղծագործական միությունների ղեկավարներն ամփոփում են ավարտվող տարին


Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը (ձ) և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը (ձ) և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նրանք նշեցին, որ գոհ են 2015-ի ձեռքբերումներից:

Հայաստանի ստեղծագործական միությունների ղեկավարները այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ գոհ են 2015-ի ձեռքբերումներից:

«Տարին լի էր ցուցահանդեսներով», - ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ շարունակելով․ - «Կար մի քանի շատ հետաքրքիր ցուցահանդես, որոնցից պետք է նշեմ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կայացավ Նկարիչների միության երեք դահլիճներում: Ցուցադրվեց մոտ 300 աշխատանք»:

Ավարտվող 2015 թվականը խորհրդանշական էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով, քանի որ գոնե մեր արվեստագետները այս տարելիցին նվիրված ամենատարբեր հիշատակի հանդիսություններ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ ու համերգներ կազմակերպեցին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Այս առումով նշանակալի են մեր լավագույն նվագախմբերի, երաժշտախմբերի, երգչախմբերի և մենակատարների փայլուն ելույթները: Ինչպես շեշտեց Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, հիմնականում իրագործել են այն, ինչ ծրագրել էին այս տարվա համար․ - «Ճիշտ է, շատ մեծ դժվարությունների առաջ ենք կանգնել, որովհետև մի քիչ ավել էինք պատկերացնում․․․ Բացի դրանից, ակնկալում էինք, որ մեր միջոցառումները ավելի շատ ֆինանսավորեն»:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով, տարվա ընթացքում կատարած աշխատանքը հիմնականում կապված էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ․ - «130-ի չափ արվել է միջոցառում Գրողների միությունում, տարբեր գրադարաններում, ինստիտուտներում, մարզերում, սփյուռքում և արտասահմանում»:

Միլիտոնյանի կարծիքով, ուշագրավ էր, որ հենց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ մեր ժամանակակից գրողներն իրենց ստեղծագործություններով կարծես կոտրեցին վերջին 30-40 տարիների լռությունը․ Շիրազից, Սևակից հետո մեր գրողներն քիչ են անդրադարձել այդ թեմային: Իսկ ահա այս տարի արդեն գրական նոր սերունդն է իր ստեղծագործությամբ, նորովի մտածողությամբ ներկայանում ընթերցողին:

Ժամանակակից գրողներին հաճախ են մեղադրում, թե նրանք երկրի համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ չեն ասում իրենց խոսքը: Էդվարդ Միլիտոնյանը բացարձակապես համաձայն չէ սրան․ հորդորեց կարդալ ժամանակակից հայ գրողներին ու համոզվել, որ նրանց ստեղծագործություններում արտացոլված է մեր ժամանակը:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այս տարվա ձեռքբերումները ներկայացնելուց զատ, կրկին ցավով նշեց, որ մեզանում օսմաներենի մասնագետներ չկան, մասնագետներ, ովքեր կկարողանային ուսումնասիրել թուրքական արխիվները, որոնք, ի դեպ, վերջին 2 տարիներին իրոք բաց են բոլորի համար:

XS
SM
MD
LG