Մատչելիության հղումներ

Գառնի գյուղի հարյուրավոր բնակիչներ այսօր առավոտյան փակել էին գյուղ տանող գլխավոր ավտոճանապարհն ու տեղի իշխանություններից պահանջում էին չեղյալ համարել վերջերս կայացրած որոշումը։

Գառնեցիները դեմ են կառավարության ծրագրին, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղերը ոռոգելի կդառնան։ Դեռ անցած տարվանից բոլոր հանրային լսումներին բնակիչները դեմ են արտահայտվել, անգամ ստորագրահավաք կազմակերպել, մինչդեռ տեղի իշխանությունները, հաշվի չառնելով այդ ամենը, համաձայնություն են տվել։

«Գուցե իշխանական վերին օղակները իրենց լծակներն են օգտագործում ու ճնշում են ստորին օղակներին: Դրա համար մենք դուրս ենք եկել փրկելու և՛ մեր իշխանություններին, որ չընկնեն ծանր վիճակի մեջ, դավաճանի խարանը չկրեն իրենց ճակատին, և՛ մեր համայնքը դուրս գա այս անելանելի վիճակից», - ասում էին ցուցարարները:

Գառնեցիները վստահ են. հանգստի լավագույն գոտիներից մեկը հանդիսացող Գառնիի կիրճից ջուրը Արարատի մարզ տանելուց հետո առանց այն էլ սակավաջուր գետը բնապահպանական խնդիրների առաջ կկանգնի։

Գյուղապետ Աշոտ Վարդանյանը, որ հորդորում էր գյուղացիներին բացել ավտոճանապարհը, պնդում էր, թե Համաշխարհային բանկի 100 միլիոն դոլարի վարկի հաշվին իրականացվող ծրագիրը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին։ Գյուղապետը պնդում է՝ Ազատ գետի ջուրը հասանելի չէ Գառնիի համար, մինչդեռ հարևան մարզի ավելի ցածրադիր գյուղերի բնակիչները սրանից կշահեն:

«Մարդիկ պայքարում են գետը պահելու՝ ընդամենը բնության համար: Մեզ չի հասնում, մեր ջուրը գալիս է շատ վերևից: Իսկ եթե 12 համայնք չորանում է, մենք պարտավոր ենք հարևաններին օգնելու: Բայց ոչ ամբողջ գետն են տանում, տանում են մի մասը», - ասում էր գյուղապետը:

Արարատի մարզում ոռոգելի դարձվող 12 գյուղերի մեջ Նարեկ գյուղն է, որտեղ մեծ հողատարածքներ ունի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Գյուղացիները վստահ են. այս փաստն է վճռորոշ եղել, երբ կառավարությունը կայացրել է որոշումը:

Ի վերջո, նաև ոստիկանության միջամտությունից հետո, բացեցին ավտոճանապարհը՝ վստահեցնելով, որ բողոքի ծայրահեղ քայլերի են դիմելու, մինչև հասնեն իրենց նպատակին:

XS
SM
MD
LG