Մատչելիության հղումներ

Երևանում համերգ կտա Էմիր Կուստուրիցան՝ իր խմբով


Էմիր Կուստուրիցան համերգի ժամանակ, արխիվ

Էմիր Կուստուրիցան համերգի ժամանակ, արխիվ

Հայաստանում ճանաչված լինելը ավելի կարևոր է, քան՝ Միացյալ Նահանգներում, տարիներ առաջ հայտարարել է աշխարհահռչակ արվեստագետը:

Դեկտեմբերի 25-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և նրա հիմնադրած No Smoking Orchestra ֆոլք ռոք խմբի համերգը, որն, իր դեպ, արդեն երկրորդն է Հայաստանում:

Առաջին անգամ հինգ տարի առաջ էր՝ սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, կոմպոզիտոր Կուստուրիցան՝ իր նվագախմբով, նույն՝ Մարզահամերգային համալիրի դահլիճում հիացրեց հայ երաժշտասերներին:

Առաջին անգամ Հայաստան գալը հետաքրքրասիրությունից էր դրդված, այն ժամանակ ասում էր Կուստուրիցան ու շեշտում, որ իր կարծիքով՝ Հայաստանում ճանաչված լինելը ավելի կարևոր է, քան՝ Միացյալ Նահանգներում:

Սերբ կինոռեժիսորը տարբեր առիթներով նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են՝ թե՛ քաղաքական դիրքով, թե՛ մշակույթով և թե՛ պատմությամբ՝ երկու ազգերն էլ ցեղասպանություն են տեսել:

Իսկ երբ հինգ տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ են հնչեցրել՝ մեղադրելով նրան Բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան, իր հերթին, որոշեց լքել փառատոնը և հայտարարեց․ - «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին»:

Ի դեպ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը Կուստուրիցային համարել է համաշխարհային կինոյի հույս:

Դեկտեմբերի 25-ի համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշն» և «Ալմազյան Պրոդաքշն» ընկերությունները:

XS
SM
MD
LG