Մատչելիության հղումներ

20-ամյա Շայմա Աբդելռահմանը՝ Իրաքի գեղեցկուհի


Իրաքի գեղեցկուհի ճանաչված Շայմա Քասիմ Աբդելռահմանը, Բաղդադ, 19-ը դեկտեմբերի, 2015թ․
Իրաքի գեղեցկուհի ճանաչված Շայմա Քասիմ Աբդելռահմանը, Բաղդադ, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

Վերջին 43 տարվա ընթացքում առաջին անգամ Իրաքում անցկացվեց գեղեցկության մրցույթ, որի հաղթող ճանաչվեց Շայմա Քասիմ Աբդելռահմանը՝ 20-ամյա կանաչ աչքերով աղջիկը Քիրքուք քաղաքից:

Իրաքի գեղեցկուհու թագի համար պայքարում էին 15 աղջիկներ, ովքեր բեմ են դուրս եկել բարձրակրունկ կոշիկներով, երեկոյան բաց, բայց ոչ կարճ զգեստներով:

Շայմա Աբդելռահմանը հայտարարել է, որ իր հռչակը ծառայեցնելու է կրթական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ զինված հակամարտության հետևանքով իրենց տները լքած հարյուր հազարավոր փախստականների համար:

Ինչպես նշում է France-Presse լրատվական գործակալությունը, մրցույթը առավելագույնս համապատասխանում էր միջազգային չափանիշներին, քանի որ Իրաքը նպատակ ունի մասնակցել նաև «Միսս Տիեզերք»-ին: «Սակայն որոշ դետալներ, ինչպես, օրինակ, մրցույթի ընթացքը հսկող՝ «Կալաշնիկով» ինքնաձիգներով զինված ոստիկանները, վկայում էին, որ միջոցառումը տեղի է ունենում Իրաքում», - նկարագրում է France-Presse-ը:

Իրաքի գեղեցկուհին, ով հայրենի համալսարաններից մեկում տնտեսագիտություն է ուսանում, հայտարարել է, թե այսուհետ փորձելու է աշխարհին ցույց տալ, որ Իրաքը, ի հեճուկս ահաբեկչությունների և բռնությունների, շարունակում է լինել գեղեցկության և մշակույթի երկիր:

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իրաքի գեղեցկության մրցույթը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 1-ին Բասրա քաղաքում, սակայն կազմակերպիչները ստիպված էին հետաձգել այն, քանի որ մրցույթի մասնակիցներից ոմանք իսլամիստական արմատական խմբավորումներից սպառնալիքներ էին ստացել: Այդուհանդերձ, մրցույթը անցկացվեց, որին մասնակցելու համար մայրաքաղաք Բաղդադ էին եկել գեղեցկուհիներ Իրաքի բոլոր անկյուններից, անգամ Մոսուլից, որն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:

Իրաքում առաջին և մինչ այժմ վերջին անգամ գեղեցկուհի էին ընտրել 1972 թվականին: Այդ ժամանակ հաղթող էր ճանաչվել Վիջան Բուրհան ադ դին Սուլիյմանը: Սակայն մահմեդական համայնքը խստորեն դատապարտել էր գեղեցկուհուն, իսկ մրցույթը անվանել սատանայական: Դրանից հետո իրաքցի կանայք նման մրցույթների չէին մասնակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG