Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ին խոչընդոտեցին նաև Հրազդանում


«Նոր Հայաստան»-ին խոչընդոտեցին նաև Հրազդանում, 19-ը դեկտեմբերի, 2015թ․
«Նոր Հայաստան»-ին խոչընդոտեցին նաև Հրազդանում, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

«Փոխանակ տղամարդիկ՝ Սերժը, Սաշիկը, Հովիկը գան մեզ հետ խոսեն, ուղարկում են կանանց»,- հավաքի ժամանակ դժգոհեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այսօր «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների հանդիպումներն Աբովյան և Հրազդան քաղաքներում դարձյալ ուղեկցվեցին խոչընդոտներով։ Հրազդանում շարժման ղեկավարներից «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրեց՝ իրենց 8 մարզային հանդիպումների կեսն ուղեկցվել են հրմշտոցներով ու սադրանքներով։

«Փոխանակ տղամարդիկ՝ Սերժը, Սաշիկը, Հովիկը, իրենք գան մեզ դիմավորեն, մեզ հետ խոսեն, ժողովրդին ներողություն հայտնեն և իրենք իրենց հանձնեն իրավապահ մարմիններին, իրենց շտաբերի պետերի, մարզպետների, մնացածի միջոցով ուղարկում են կանանց»,- իր ելույթում ասաց Հովհաննիսյանը:

Նա դեռ խոսքը չէր ավարտել, երբ հրապարակ մտան երեք կին և սկսեցին վիրավորանքներ հնչեցնել ընդդիմադիրների հասցեին ու պաշտպանել գործող իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին։ Բոլոր երեքն էլ ներկայացան որպես զոհված զինվորների մայրեր։ Նրանցից մեկը ռուսախոս էր. ասաց՝ փախստական է Ադրբեջանից։

Տարածքում գտնվող ոստիկանները մոտեցան կանանց և հորդորեցին հեռանալ։ Սակայն նրանք այդպես էլ չլքեցին հրապարակը, ու «Նոր Հայաստան» շարժման անդամները կարճատև ելույթներից հետո ստիպված եղան ավարտել սակավամարդ հավաքը։

Հանդիպումը խանգարող կանանցից ամենատարեցը, ով ներկայացավ Սաթիկ անունով, մինչ հավաքի մեկնարկը, պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց՝ որդիներից մեկը բանակում զոհվել է, մյուսն էլ հաշմանդամություն ունի։ Հաստատեց, որ սպասում է ընդդիմադիր գործիչներին, քանի որ նրանց ասելիք ունի։ «Իմ կամքով եկել եմ տեսնեմ, թե ինչի համար են եկել...»,- ասաց նա:

Գովաբանեց իշխանություններին ու հավելեց՝ սիրով համակերպվում է ծանր ապրելակերպին ու առանձնապես պահանջներ չունի առանց այն էլ ջանք թափող մեծավորներից։ «Վախենալու ոչինչ չունեմ... կեցցե՛ Սերժ Սարգսյանը»։

«Նոր Հայաստան» շարժման անդամները Հրազդանում ավարտելով կարճատև հանդիպումը՝ ուղևորվեցին դեպի Գեղարքունիքի մարզ, որտեղ հանդիպումներն անցան առանց միջադեպերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG