Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյան-Ալիև հանդիպումն ավարտվեց, ակնկալիքներ չկան


Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, Բեռն, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիև, Բեռն, 19-ը դեկտեմբերի, 2015թ․

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե «այսօր ևս պարզ դարձավ, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում»՝ դրա համար մեղադրելով ադրբեջանական կողմին:

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Միջնորդները նշում են, որ «գագաթնաժողովը նախագահներին հնարավորություն է տվել հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույցի ժամանակ», և որ «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների դեպքերը՝ մտահոգություն հայտնելով ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի առնչությամբ»:

Հայտարարությունում նաև նշվում է, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին:

Համանախագահները նաև շեշտում են՝ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ, երկու երկրների նախագահները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ Մինսկի խմբի ձևաչափին»:

Երկու ղեկավարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայաստանյան լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակել բանակցությունները՝ բացառապես խաղաղ ճանապարհով հասնելու հակամարտության լուծմանը։

«Մեր հանրապետության նախագահի մասնակցությունն այս գագաթնաժողովին հենց դրա մասին է խոսում, մեր մոտեցման մասին, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակել եռանախագահների հետ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը, սակայն, հավելել է՝ ցավոք, այսօր ևս պարզ դարձավ, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում: Դրանում նա մեղադրել է Ադրբեջանին։ «Կողմերը արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից, և կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք՝ մոտեցումները կողմերի մոտ չեն համընկնում։ Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում ու մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլ նաև Ադրբեջանի մոտեցումները, կարող ենք ասել, որ չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին»։

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցը, ինչի հետ կապված՝ հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ «համանախագահները պատասխանի են սպասում»,- ասել է Նալբանդյանը։

«Այսօր նույնպես նախագահները քննարկել են այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը և վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքն այդ առաջարկներին: Սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում Նյու Յորքում կայացած՝ արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի:

Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, և հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ-որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ուրեմն դրա համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- շարունակել է Հայաստանի արտգործնախարարը:

Նրա խոսքով, եռանախագահներն այսօր առաջ են քաշել նաև սահմանային միջադեպերի հարցը։ «Այս տարվա հունվարից եռանախագահները շատ ուղղորդված և հասցեագրված հայտարարություններ ու կոչեր են արել, վերջինը՝ Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Դրանում հստակ, շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զենքերի օգտագործման իմաստով: Պարզ էր, թե ում է դա ուղղված»,- ասել է Նալբանդյանն ու շարունակել. - «Ադրբեջանը, դրան ի պատասխան, փաստորեն, ապտակ էր հասցրել եռանախագահներին ու ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանը գնաց նոր ու նոր տեսակի զենքերի օգտագործմանը: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014-ի հոկտեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ։

Փորձագետներն իրատեսական չեն համարում ակնկալելը, թե Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումը էական ազդեցություն կունենա բանակցությունների վրա: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ համանախագահների համար օրակարգային է մնում բանակցային գործընթացի վերսկսումը։

«Ակնկալիքներ չեմ ունեցել, որ խնդրի կարգավորման առումով լուրջ առաջընթաց է գրանցվելու։ Թերևս մի խնդիր կա, որ շատ կարևոր է, և որի ուղղությամբ աշխատում են համանախագահները, հատկապես՝ ԱՄՆ համանախագահությունը: Դա բանակցային գործընթացի վերսկսումն է, որը տորպեդավորվում է արդեն որերորդ տարին, և, ակնհայտորեն, Ադրբեջանը կա'մ փորձում է դա թույլ չտալ, կա'մ փորձում է իր կապրիզներով և շանտաժներով այդ բանակցություններում լուծումներ դնել Ադրբեջանի օգտին»,- ասում է Սաֆարյանը:

Հատկապես վերջին տարիներին բարձրաստիճան հանդիպումների ժամանակ հակամարտության գոտում Ադրբեջանը սրում է իրավիճակը, նշում են հայաստանյան քաղաքագետները՝ ադրբեջանական իշխանություններին մեղադրելով խաղաղ բանակցությունների ձևաչափից հեռանալու փորձերի մեջ։ «Ադրբեջանը իրավիճակը սահմանագոտում սրել է թե՛ Փարիզի, թե՛ դրան նախորդած՝ Սոչիի հանդիպումների շրջանում, այսօր էլ շարունակում է այդ քաղաքականությունը»,- արձանագրում է քաղաքագետը:

Այս գիշեր Ադրբեջանի դիվերսիոն գործությունների հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում զոհվել է 19-ամյա զինվոր Ֆիդար Իգորի Ալոյանը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ գիշերային գործողությունների հեռևանքով առնվազն երկու զոհ և մի քանի վիրավոր ունի Ադրբեջանը։

Այսօր աշխատանքային այցով Ղարաբաղ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂ ՊՆ-ի փոխանցմամբ, Օհանյանը ԼՂ-ի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, «հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ»:

XS
SM
MD
LG