Մատչելիության հղումներ

2016-ին վրացիները և ուկրաինացիները Շենգենյան գոտում կճամփորդեն առանց վիզայի


Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը և Ուկրաինան ամբողջությամբ կատարել են Եվրամիության հետ վիզային ռեժիմը վերացնելու պահանջները

Եվրահանձնաժողովն այսօր հայտարարել է, որ Եվրամիության հետ վիզային ռեժիմը վերացնելու հարցում Վրաստանը և Ուկրաինան կատարել են բոլոր պահանջները, ինչը երկու երկրների քաղաքացիներին առանց վիզայի Եվրամիության Շենգենյան գոտու երկրներում ճամփորդելու հնարավորություն կտա արդեն 2016 թվականին:

Եվրահանձնաժողովը նշում է, որ այժմ արդեն Եվրամիության անդամ երկրներից և Եվրախորհրդարանից է կախված Վրաստանի և Ուկրաինայի համար գալիք տարի վիզային ռեժիմը վերացնելու հարցը: Երկու երկրների հարցով հրապարակված զեկույցները, ըստ էության, Եվրահանձնաժողովի վերջնական գնահատականն է այն մասին, թե Կիևն ու Թբիլիսին որքանով են կատարել վիզային ռեժիմը վերացնելու համար նախատեսված գործողությունների պլանով ստանձնած պարտավորությունները:

Գնահատականը թեև դրական է, և սպասվում է, որ Եվրախորհրդարանի քվեարկության արդյունքը ևս դրական կլինի, այնուամենայնիվ, Բրյուսելի աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ առանձին երկրների կողմից հարցի վավերացումը կարող է դժվարությունների հանդիպել, մասնավորապես՝ Ուկրաինայի պարագայում: Եվրամիության որոշ ազդեցիկ անդամներ, հատկապես Գերմանիան, մտահոգված են, որ վիզային ռեժիմի ավելի բարձր աստիճանի ազատականացումը կարող է հանգեցնել միգրանտների հոսքի ավելացմանը:

Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցները պետք է հրապարակվեին դեկտեմբերի 15-ին, սակայն Բրյուսելը որոշեց սպասել մինչև հաջորդ օրը նախատեսված հանդիպումը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի միջև կայացած հանդիպման նպատակն այս խնդրով վերջին տարաձայնությունների հարթումն էր:

Այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի եզրակացությունն ամբողջովին արտացոլում է վերջին երեք տարիներին Վրաստանի արձանագրած առաջընթացը: «Վրաստանի կառավարությունն ու իշխանությունները մեծ ջանքեր գործադրելով կարողացան կարճ ժամկետում լիովին կատարել գործողությունների պլանով նախատեսված բոլոր պահանջները»,- հայտարարել է Մարգվելաշվիլին, նշելով, որ առաջիկայում սպասվում է շատ պատասխանատու գործընթաց, որի իրականացմամբ պաշտոնապես կբացվեն Եվրամիության սահմանները Վրաստանի քաղաքացիների առջև:

«Մեր ընտրությունը եվրոպական ընտրությունն է: Եվրոպան մեր բարեկեցությունն է և զարգացման առաջընթացը»,- «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի նախագահը:

«Դրական է, վերջապես»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի խորհրդարանի արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Աննա Գոպկոն: Նա նշել է, որ դեռ որոշ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն, «սակայն դրանք զուգահեռ գործընթացներ են»: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ու վարչապետը համոզմունք էին հայտնել, որ վիզային ռեժիմը վերացնելու հարցում Եվրահանձնաժողովի որոշումը դրական է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG