Մատչելիության հղումներ

Արսեն Ավակովը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Միխեիլ Սաակաշվիլիի


Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղեկություններով, Սաակաշվիլիի դեմ դատական հայց է ներկայացնելու նաև վարչապետ Արսենի Յացենյուկը:

Ուկրաինական թիվ մեկ ներքաղաքական սկանդալը տեղափոխվում է դատարան: Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը «1+1» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իրեն «գող» ու «կոռումպացված» անվանած Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ դատական հայց է ներկայացրել:

Ավակով - Սաակաշվիլի բախումը, հիշեցնենք, տեղի է ունեցել անցած երկուշաբթի օրը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ․ նախարարն ու նահանգապետը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել՝ միմյանց մեղադրելով կոռումպացված ու գող լինելու մեջ: Լեզվակռիվն է՛լ ավելի է սրվել, երբ Ավակովի նյարդերը տեղի են տվել, ու նա, ինչպես ինքն է բացատրել՝ Սաակաշվիլիին չհարվածելու համար, ջուր է շփել վերջինիս ուղղությամբ:

Վրաստանի նախկին նախագահի, Օդեսայի նահանգապետի հետ բախման պատճառը քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման շուրջ մարզային և կենտրոնական իշխանությունների միջև տարաձայնություններն էին:

Ուկրաինայի նախագահի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Սաակաշվիլին լրագրողների հետ զրույցում վերահաստատել է հնչեցրած մեղադրանքը՝ կոռումպացված են և՛ վարչապետ Արսենի Յացենյուկը, և՛ Ավակովը: Ավելին՝ նա պնդել է, թե Ավակովը զինված խմբավորումներ է ղեկավարում, որոնք ֆինանսավորում է կոռուպցիոն եկամուտների հաշվին:

Մինչ կողմերը պատրաստվում են դատարանում ապացուցել իրենց պնդումները, Ուկրաինայում փորձում են հասկանալ՝ սա կոռուպցիայի դեմ պայքա՞ր է, թե՞ փոխադարձ հակակրանքի դրսևորում, առհասարակ ի՞նչ է թաքնված այս աննախադեպ սկանդալի հետևում:

Փորձագետները վաղուց են Սաակաշվիլիին դիտարկում որպես Ուկրաինայի կառավարության նախագահի թեկնածու: Վրաստանի նախկին նախագահի հակակոռուպցիոն նախաձեռնությունները հաճախ են որակվում որպես «հակայացենյուկային» ծրագրեր:

Սաակաշվիլին բազմիցս ակնարկել է կոռուպցիոն սխեմաներին Արսենի Յացենյուկի մասնակցության մասին: Այդ ակնարկները վարչապետի շրջապատը որակել է «էժանագին պոպուլիզմի դրսևորում»:

«Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում տեղացի քաղտեխնոլոգ Ալեքսեյ Գոլոբուցկին համոզմունք է հայտնել, որ Ավակովի կոշտ արձագանքը պայմանավորված է ներքին գործերի նախարարի, վարչապետի և իրենց շրջապատի հասցեին հնչող «զգայուն և արդարացի» մեղադրանքով․ - «Սաակաշվիլին ասում է այն, ինչի մասին բոլորը լռում են: Իշխանության ներսում նման հարցերի քննարկումներն ընդունված չեն»:

Գոլոբուցկին հույս է հայտնում, որ երկրի Կոռուպցիոն բյուրոն կստուգի Սաակաշվիլիի հայտարարությունների ճշմարտացիությունը:

Քաղաքագետ Տարաս Բերեզովեցը կարծում է, որ Օդեսայի նահանգապետը, «անգամ եթե նրա ազգանունը Սաակաշվիլի է», չի կարող իր անմիջական ղեկավարի հասցեին մեղադրանք հնչեցնել՝ առանց հիմնավոր փաստեր ունենալու:

XS
SM
MD
LG