Մատչելիության հղումներ

logo-print

Գրողների ու նկարիչների գովերգած Ահնիձորն օր-օրի դատարկվում է։ 2002 թվականին գյուղից արտագաղթել է անգամ գյուղապետը։ Թափուր պաշտոնի համար արտահերթ ընտրություններին մասնակցել ու հաղթել է արտագաղթած գյուղապետի եղբայրը։ Բայց նրան էլ չի հրապուրել ղեկավար պաշտոնը. դարձյալ անավարտ է թողել ու միացել Ռուսաստան տեղափոխված եղբորը։

Արդեն 10 տարի գյուղի դպրոցը ղեկավարում է լոռեցի մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ Համլետ Մաթևոսյանը։ Ափսոսում է. նախկին գյուղապետերի հետ Ռուսաստան տեղափոխվեցին նաև նրանց երիտասարդ որդիները․ - «Կարգին ընտանիք էր, շքեղ ընտանիք... արարող, կարողություններ ծավալող: Իր ախպերներից մեկը գնացել էր, էնտեղից եկած լուրերը երևի դուրեկան էին, վեր կացավ գնաց, էն մի ախպերն էլ նրա հետևից գնաց: Տնով-տեղով թողեցին գնացին: Իրանց տանը նայելով ես տխրում եմ»:

Մաթևոսյանն արձանագրում է. այսօր գյուղի դպրոցում մոտ 20 երեխա է սովորում, այն դեպքում, երբ ժամանակին 100-ից ավելի աշակերտ են ունեցել․ - «Հարկավոր է էս աղետի դեմն առնել: Ո՞նց պետք ա առնել, երբ հանրապետությունն ա դատարկվում: Քաղաքի վիթխարի շենքերի պատուհանները կույր աչքի պես են քեզ նայում»:

Միգրացիոն խնդիրներով զբաղվող «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանն ասում է՝ 80 տոկոսը Հայաստանից մեկնում է աշխատատեղերի բացակայության, ցածր վարձատրության կամ սեփական երկրում անապահովության զգացողության ու արդարության պակասի պատճառով։ Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ հենց նույն պատճառներով հեռացողները հաճախ հետ են վերադառնում․ - «Ուր են մեկնում։ Մեր միգրանտների հիմնական մասը մեկնում են Ռուսաստան, որտեղ նույն խնդիրները կան: Այսինքն, այնտեղ ևս արդարության պակասը կա, այնտեղ ևս հեռանկարները շատ փոքր են ապագայի համար, նամանավանդ այս իրավիճակում, ինչ այսօր ունենք տնտեսական, քաղաքական և բազմաթիվ խնդիրների առումով: Այսինքն, նույն պատճառներով նրանք սկսեցին վերադառնալ»:

Դեռ 2012 թվականին Հայաստանի կառավարության պատվերով Հայ-ռուսական սլավոնական համալսարանը հետազոտություն էր արել ու պարզել, որ եթե այստեղ 150-200 հազար դրամ վարձատրությամբ ոչ բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր ստեղծվեն, Հայաստանից հեռացողների թիվը զգալիորեն կնվազի։ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանն ասում է՝ կառավարությունում այս տվյալները ձեռքի տակ են պահում և փորձում կոնկրետ գործողություններ ձեռնարկել աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ․ - «Դա մի օրվա լուծվելիք հարց չի։ Տնտեսության ամբողջ իրավիճակը պետք է փոխվի, որպեսզի կարողանանք մենք էդ աշխատատեղերը ստեղծել և մարդկանց պահել էստեղ։ Բայց էսօր քանի դեռ էդ խնդիրը չի լուծվում, մենք գոնե սեզոնային աշխատանքային միգրացիա ունենք և կունենանք առաջիկայում էլ, քանի դեռ մենք էդ աշխատատեղերը չենք կարողանում էստեղ ապահովել։ Իսկ դա գոնե հնարավորություն է, որ մարդիկ կարողանում են իրենց ընտանիքները պահել, և մի բան էլ՝ էդ տրանսֆերտների միջոցով օժանդակել ընդհանուր տնտեսության աճին»:

Մինչդեռ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը Հայաստանում մասնագիտական լուրջ հմտություններ ունեցող մարդկանց ներուժն օգտագործելու ջանքեր չի տեսնում։ Միայն անցած տարի դրսից տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դոլար։ Փորձագետն ափսոսանք է հայտնում, որ այդ ահռելի միջոցները ծախսվում են միայն ընտանիքների առօրեական խնդիրների լուծման համար․ - «Այն, որ Հայաստան եկած տրանսֆերտների առյուծի բաժինը գնում է միայն կենցաղային, սոցիալական խնդիրներ լուծելուն և չեն գնում ներդրումներ անելուն, չեն գնում տնտեսության ինչ-որ լուրջ ճյուղեր զարգացնելուն, դա միանշանակ է։ Այո, այդ գումարները գնում են զուտ սպառողական կարիքներ հոգալուն։ Եվ եթե մարդը ունի լուրջ պոտենցիալ, ապա նա պետք է գնա այդ պոտենցիալը ռեալիզացնելու։ Եթե մենք դրա համար չենք տեսնում պայմաններ, նշանակում է, որ մենք խրախուսում ենք, որ թողնեն ու գնան Հայաստանից»:

XS
SM
MD
LG