Մատչելիության հղումներ

Պուտինը երեկ վիրավորել է Թուրքիայի ղեկավարներին


Վլադիմիր Պուտինի տարեկան մամլո ասուլիսը, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2015թ.
Վլադիմիր Պուտինի տարեկան մամլո ասուլիսը, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2015թ.

Վերլուծաբանների կարծիքով, նա փորձել է գունազարդել գորշ իրականությունը։

Միջազգային համայնքի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա տարեկան ընդարձակ ասուլիսն էր՝ թվով արդեն 11-րդը։

Նախագահը խոսել է և՛ իր երեխաների, և՛ աղմկահարույց սպանությունների, և՛ սոցիալական-տնտեսական հարցերի մասին։ Նա անդրադարձել է միջազգային հրատապ թեմաներին, այդ թվում՝ Արևմուտքի, Ուկրաինայի, Վրաստանի հետ հարաբերություններին, Սիրիայի ճգնաժամին և, իհարկե, ռուս-թուրքական ճգնաժամին։

Գիտակցելով, որ իր ելույթին այդ պահին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում՝ այդ թվում Անկարայում, Պուտինը թուրք ղեկավարներին անձնական վիրավորանք հասցնելուց չի խորշել։

«Եթե թուրք ղեկավարներից ոմանք որոշել են լիզել ամերիկացիների մի տեղը, չգիտեմ, արդյո՞ք դա ճիշտ բան է», - ասել է Պուտինը։ Նրա այդ խոսքը դահլիճն, իհարկե, ընդունել է ծափողջույններով։

Անկարայից այս պահին դեռ չկա արձագանք Ռուսաստանի ղեկավարի խոսքին։ «Հյուրիեթ»-ը փոխանցում է միայն բուն փաստը, Պուտինի հնչեցրած հեգնական հայտարարությունը՝ առանց մեկնաբանելու։ Հավանաբար, թուրքերը հարցին կանդրադառնան առաջիկայում։

Ռուսաստանի ղեկավարը երեկ կրկնել է, որ նոյեմբերի 24-ին Սու-24 օդանավի ոչնչացումը «թշնամական և դավաճանական գործողություն էր»․ - «Ի՞նչ է, նրանք կարծում էին, որ մենք փախուստի՞ ենք դիմելու: Ռուսաստանն այդ երկիրը չէ»:

Պուտինը հավելել է, որ միջադեպից հետո Ռուսաստանը Սիրիա է ուղարկել С-400 տեսակի հակաօդային պաշտպանության արդիական կայանքներ․ - «Հիմա թուրքերն իրենք այլևս չեն համարձակվի խախտել Սիրիայի օդային սահմանը»։

Նրա խոսքերով, թուրք-ռուսական հարաբերությունները պետական մակարդակով կարգավորելու հնարավորություն այս պահին չկա։

Պուտինը նույնիսկ չի բացառել, որ գուցե թուրքերն ամերիկացիների լռելյայն համաձայնությամբ են վայր գցել ռուսական օդանավը․ - «Գուցեև այնտեղ գործարք է եղել` «խփե'ք ռուսներին և մենք չենք առարկի, որ գրավեք Իրաքի տարածքի մի մասը»: Չգիտեմ, եղե՞ լ է նման առևտուր․․․ Գուցե եղել է»։

Արձագանքելով Պուտինի հայտարարություններին՝ արևմտյան վերլուծաբանները նշում են, որ նա առանձնապես նոր բան չի ասել, ավելի շատ փորձել է «գունազարդել բավական գորշ իրականությունը»։

Die Welt գերմանական պարբերականն այդ առումով հեգնում է, թե «օրըստօրե աղքատացող ժողովրդին պետք է հարբեցնել հաղթանակների թմրանյութով»․ - «Թուլությունը կարող է Կրեմլին դրդել խենթ քայլերի, ուստի, հարկ է զգոն լինել, չսարսափել և միաժամանակ բաց պահել ռուսների հետ երկխոսության հնարավորությունը»։

«Պուտինը վճռականորեն պաշտպանել է իր արտաքին քաղաքականությունը և փորձել է վստահեցնել, թե տնտեսական ճգնաժամն ավարտվում է», - նշել է The Wall Street Journal-ը։

Bloomberg View վերլուծական կայքի փորձագետ Լեոնիդ Բերշիդսկին նկատում է, թե Պուտինը հերթական անգամ ապացուցեց, որ աշխարհը բաժանել է յուրայինների և օտարների ճամբարների․ - «Մի կողմից բարեկամներն են, մյուս կողմից՝ թշնամիները։ Չայկան, Կադիրովը, Ռոտենբերգը հավատարիմ են Պուտինին, հետևաբար` նա նրանց չի ուրանա, իսկ ով հավատարիմ չէ` ոսոխ է»։

Այդ հավատարմությունը Պուտինին ստիպում է պահպանել կոռումպացված համակարգը, քանի որ միայն դրա ուժով է հնարավոր հսկողության տակ պահել ժողովրդին։

«Կարծում եմ, նա լավագույն մարզավիճակում չէր, նախկինի պես կենտրոնացած չէր, հաճախ բավարարվում էր «մենք դա կքննարկենք», «մենք դրա մասին կմտածենք» և նմանօրինակ ոչինչ չասող ընդհանուր խոսքերով», - նկատել է փորձագետը։

Իսկ քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով, Պուտինն այս անգամ շատ էր կմկմում, սրամիտ չէր, արձագանքն ուշացնում էր։

«Այնպիսի տպավորություն է, որ Պուտինը կա՛մ հոգնած է, կա՛մ մի քիչ ծերացել է: Իր նախորդ տարեկան ասուլիսների համեմատությամբ ակնհայտ թույլ էր», - ասել է Օրեշկինը և ավելացրել. - «Բայց փաստերն աղավաղելու հարցում մրցակից չունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG