Մատչելիության հղումներ

Հաղարծինցի անապահով ընտանիքում չեն հիշում, թե երբ են միս համտեսել


Տավուշցի Արմինեն մեծ դժվարությամբ է մեծացնում իր երեք անչափահաս երեխաներին

Տավուշցի Արմինեն մեծ դժվարությամբ է մեծացնում իր երեք անչափահաս երեխաներին

Տավուշցի 45-ամյա Արմինե Աբովյանն իր երեք դպրոցահասակ երեխաների համար միայն մեկ ամանորյա երազանք ունի՝ քիչ թե շատ տոնական սեղան:

Երեք անչափահասներին միայնակ մեծացնող գործազուրկ կինը նեղսրտած է՝ այս ամսվա աղքատության նպաստը՝ 80 հազար դրամն արդեն ծախսել է ու միայն պարտքերն է փակել:

«Անցած Նոր տարվա սեղանին թխվածք է եղել, սոկն է եղել իրենց, ֆարշ եմ վերցրել խանութից, տոլմա եմ պատրաստել, մեկ էլ երկու սալաթ։ Երշիկ, բաստուրմա չի եղել։ Այս տարի ընդհանրապես հույս չունեմ, որովհետև արդեն գումարս վերջացել է։ Եթե կարողանամ էլի խանութից վերցնեմ, մի բան կանեմ»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց տիկին Արմինեն։

Հաղարծինում ապրող այս ընտանիքի հիմնական սնունդը հացն է: Չեն էլ հիշում, թե վերջին անգամ կոնֆետ կամ միս երբ են համտեսել։ «Էսօր սա ենք ուտելու»,- ցույց է տալիս վառարանի վրա եփվող կարտոֆիլն ու շարունակում. - «Առավոտյան երեխեքը երբ գնում են դպրոց, ի՞նչ են ուտում՝ թեյ են խմում հացի հետ, պանիր, կարագ չկա։ Միս չենք գնում ընդհանրապես, բացառված է, միս նորմալ չեն ուտում, ձուկ չեն ուտում, պանիր, կարագ, մեղր չեն ուտում։ Ի՞նչ են ուտում՝ բրինձ, վերմիշել, մակարոն, լոբի, բանջարեղեն սեզոնին, թեթև-մեթև»: Հետո դժվարությամբ մտաբերեց․ - «Հա, մեր հարևանը ամառը անասուն էր մորթել, մի կիլո միս վերցրել եմ, պատրաստել»։

Ընտանիքի հայրը մահացել է հինգ տարի առաջ՝ դժբախտ պատահարից: Երաժշտական կրթությամբ կնոջ համար գյուղում աշխատանք չկա, փոքրիկ տնամերձից միայն ամռանն են բանջարեղեն ստանում, միակ եկամուտը աղքատության նպաստն է ու երեխաների թոշակը, որը ստանալուց ժամեր անց սպառվում է։ Պարտքերն է փակում ու նորից պարտքով գնումներ անում։

«Կոշիկ չունեն, գնացել եմ նորից պարտք եմ վերցրել, սապոգ առել»։ Ցույց է տալիս հագուստի պահարանները. նորը չեն գնում՝ «էս ա, բայց լրիվ տվովի». - «Քեռուս աղջիկներն են տալիս, էս փոքրիկինս ա, սա իմն ա»: Նկուղում յոթ փակի տակ է պահում ձմռան պաշարը՝ անտառից բերած մրգի ու հատապտուղների կոմպոտները: Տարաներից յուրաքանչյուրը հաշվված է, շռայլության մասին խոսք չկա․ - «Որ թողամ բացեն օրական, ո՞նց կհերիքի»։

Չնչին նպաստով ստիպված է նաև վառելիք գնել։ Այս տարի թեև գյուղապետարանը մի փոքր օգնել է փայտով, սակայն եղածը բավարար չէ, շուտով կվերջանա։ «Փայտը գյուղապետն է տվել, կարող է մի ամիս յոլա գնանք, ամսուկես, ու վերջ՝ նորից պետք է մտածենք գնելու մասին»։

Միայն տան հյուրասենյակն է տաքացվում։ Խոհանոցում ցուրտ է, սանհանգույցն էլ վերջերս եղբայրն է նորոգել՝ գումարը չի բավականացրել տանիքի համար: «Սանհանգույցը տանիք չունի, համարյա դրսում է, անձրևներին ու ձյան հալոցքին կաթում է, այստեղ լցնովի լողանում են երեխեքը՝ ջուր էլ չկա, ներքևից կրում ենք։ Կեսը՝ շիֆեր, կեսը՝ ժեշտ։ Տրապը կա, լցնովի լողանում են երեխեքը»,- շարունակում է Արմինե Աբովյանը:

Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանն ասում է՝ Արմինեի ընտանիքը գյուղի ամենաաղքատ ընտանիքներից է, տեղյակ են, բայց շատ բանով օգնել չեն կարող:

XS
SM
MD
LG