Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակիչների թիվը նվազում է


Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, արխիվ

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանում, արխիվ

Ըստ վիճակագրության, մեկնողների 63 տոկոսը դեպի Ռուսաստան է գնում։

Պաշտոնական տվյալներով, ամեն տարի Հայաստանի բնակիչների թիվն առնվազն 30 հազարով նվազում է։ Ընդ որում, վիճակագրության համաձայն, 2014 թվականին 2013 թվականի համեմատ Հայաստանից անվերադարձ հեռացողների թիվը 10 հազարով ավելի՝ 41 հազար է եղել։

Վիճակագրական ծառայությունը նաև փաստում է, որ մեկնողների հիմնական մասը՝ 63 տոկոսը դեպի Ռուսաստան է գնում, որտեղ, այսօրվա դրությամբ, այդ երկրից արտաքսվելու վտանգի տակ 170 հազար Հայաստանի քաղաքացի է ապրում։ Այս տվյալները Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը ստացել է Ռուսաստանի իշխանություններից, ընդ որում, նույն աղբյուրի համաձայն, միայն անցած տարի Ռուսաստանից արտաքսվել է 25 հազար Հայաստանի քաղաքացի։ Անգամ արժեզրկված ռուբլու պայմաններում այդ քաղաքացիները դիմում են Հայաստանի միգրացիոն պետական ծառայություն՝ Ռուսաստան իրենց մուտքի արգելքը վերացնելու խնդրանքով։

Դեկտեմբերի 1-ի դրությամբ ավելի քան 11 հազար մարդ է դիմել միգրացիոն ծառայություն՝ կրկին Ռուսաստան մեկնելու հնարավորություն ստանալու ակնկալիքով։ Նրանց մոտ 40 տոկոսի համար այդ արգելքն արդեն վերացվել է։

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերը կարծես փոխեցին միգրացիոն պատկերը։ Փորձագետները վստահեցնում էին, որ երկիրը կշահի. լավ արհեստ ունեցող ու աշխատանքի սովոր սիրիահայերը տնտեսության մեջ աշխուժություն կմտցնեն, բայց նրանցից շատերն ընդամենը մեկ-երկու տարի կարողացան գոյատևել Հայաստանում։

«Ազատության» սիրիահայ զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ ինքն էլ մտադիր է հեռանալ Հայաստանից, ու պնդեց, որ Հայաստան եկած իր ծանոթների 50 տոկոսն արդեն հեռացել է։

«Ընկերներ ունեմ, որ եկան աստեղ, այսինքն, համարյա տարիուկես, երկու տարի մնացին, փորձեցին աշխատել, մի քանի տեղ աշխատեցին, և երբ որ չստացվեց, վերադարձան Լիբանան, այնտեղից ՄԱԿ-ի միջոցով դիմեցին, արդեն հիմա Գերմանիայում են իրանք։ Դրանց կողքին արդեն պարզ օրինակ ունենք մենք այստեղ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն այստեղ ծնվել, մեծացել է, թողնում ստեղից գնում է աշխատելու, որ ընտանիքը պահի, կամ ընտանիքով է գնում», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Ի դեպ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը դեռ 2012 թվականին Հայաստանում հետազոտություն էր արել ու պարզել, որ եթե Հայաստանից հեռացողների 80 տոկոսը գնում է աշխատատեղերի բացակայության ու ցածր վարձատրության պատճառով, ապա մոտ 8 տոկոսը հեռանալու սոցիալական պատճառ չունի, նրանք երկիրը լքում են սոցիալ-հոգեբանական, այդ թվում՝ ապագայի նկատմամբ անվստահության պատճառով։

XS
SM
MD
LG