Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Հայաստանին 30 միլիոն եվրո աջակցություն է տրամադրում


ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ
ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին ուղղված ջանքերի խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ընդունել է 30 միլիոն եվրո աջակցության նոր փաթեթ, որն ուղղվելու է մասնագիտական զբաղվածության, ֆինանսների կառավարման և ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացմանը:

«Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 30 միլիոն եվրո բյուջե աջակցության նոր փաթեթի մասին, որը կօգնի Հայաստանին բարելավել քաղաքացիների զբաղվածության հնարավորությունները, ամրապնդել երկրի ֆինանսական կառավարումը և բարձրացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում», - ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրությունում։

Չորեքշաբթի օրը հայտարարելով աջակցության նոր փաթեթի մեկնարկը՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանն ասել է. - «Աջակցության այս նոր փաթեթը մեր արևելյան գործընկերներին թույլ կտա իրականացնել վճռորոշ բարեփոխումներ: Այս լուրը բարի է հատկապես Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ հենց նրանք են լինելու նշյալ բարեփոխումների անմիջական կրողները՝ թե' հանրային ծառայությունների բարելավման և թե' աշխատատեղերի հնարավորությունների ավելացման արդյունքում»:

«Մասնագիտական որակավորումների բարելավում աշխատատեղերի բարելավման նպատակով» ակցիան, որի բյուջեն 15 միլիոն եվրո է, միտված է Հայաստանի աշխատաշուկայի արդյունավետության բարձրացմանն ու աշխատուժի զբաղվածության ապահովմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով զբաղվածության ապահովմանը գյուղատնտեսության ոլորտում:

Հայաստանում «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիրը», որի բյուջեն 10 միլիոն եվրո է, միտված է պետական ծախսերի նկատմամբ հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության ներդաշնակեցմանը միջազգային չափանիշներին և փորձին: Այն կնպաստի նաև կոռուպցիայի կանխարգելմանը:

«Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրը, որի բյուջեն 5 միլիոն.եվրո է, կնպաստի քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը՝ թույլ տալով նրանց ապահովել ակտիվ ու ավելի արդյունավետ մասնակցություն ժողովրդավարական որոշումների ընդունման գործընթացներում: Ծրագիրը կնպաստի ՔՀԿ-ների կազմակերպչական հմտությունների զարգացմանը և կօգնի զարգացնել նրանց հմտությունները ոլորտային քաղաքականությունների մշակման և վերահսկման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG