Մատչելիության հղումներ

Արտակ Շաբոյան․ Հայաստանում բենզինի գնի մեջ նավթի կշիռը շատ փոքր է


Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:
Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:

Միջազգային շուկայում նավթի գները շարունակական անկում են ապրում, սակայն Հայաստանում բենզինի գնի վրա դա գրեթե չի ազդում:

Նավթի գինն այսօր տատանվում է 37 դոլարի սահմաններում (մեկ բարելը, որը հավասար է մոտ 160 լիտրի)՝ վեց ամսվա ընթացքում արձանագրելով գրեթե կրկնակի նվազում: Հայաստանում «Ռեգուլյար» բենզինի մեկ լիտրն արժեր 430 դրամ, «Պրեմիում»-ը՝ 450 դրամ: Այսօր բենզինն էժանացել է ընդամենը 20 դրամով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ գներն իջել են 10 տոկոսով, և շարունակեց․ - «Եթե փոխարժեքի արժեզրկումը չլիներ, շատ ավելի մեծ չափով էինք մենք բենզինի գների նվազումը տեսնելու: Իսկ ինչ վերաբերում է միջազգային շուկայի փոփոխություններին, ապա գների փոփոխությունը տարբեր երկրներում տարբեր չափով են ազդում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս: Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում և այլն: Այս ամեն ինչով պայմանավորված՝ ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը գնալով փոքրանում է»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի պնդմամբ, մինչդեռ, նավթի գնի նվազումը պետք է զգալիորեն ազդեր բենզինի գնի վրա: Իսկ փոխարժեքը, նրա գնահատմամբ, որոշակիորեն կայունացել է․ - «Բայց նավթի գինը այդ ամբողջ ընթացքում շարունակում է այնուամենայնիվ նվազել, և դրա ազդեցությունը մենք չենք տեսնում»:

Եղիազարյանի կարծիքով, բենզինի գինը չի նվազում, որովհետև մատակարարը մեկ ընկերություն է՝ ռուսաստանյան «Ռոսնեֆտ»-ը․ - «Մենք այլընտրանք չունենք, մեզ պարտադրված է էներգետիկ ոլորտում, ինչպես շատ այլ ոլորտներում, մեկ մատակարարից ձեռք բերել վառելիքը»:

Տնտեսագետը հիշեցրեց, որ առաջարկ կար Իրանի կողմից․ - «Մենք կարող էինք ձեռք բերել ամենաէժան երևի նավթամթերքներից մեկը աշխարհում․․․ Այնպես որ, մենք այդ այլընտրանքից վաղուց մեզ զրկել ենք: Մենք կարող էինք էժան նավթամթերք, էժան բենզին ներմուծեինք այլ երկրից: Փաստորեն մեզ զրկել են այլընտրանքից, դրա համար մենք ստիպված կցված ենք դառնում իրենց»:

Բենզինով մեքենա վարող վարորդներից մեկը նույնպես «Ազատության» հետ զրույցում գների չնվազելը պայմանավորեց ոլորտում մենաշնորհների առկայությամբ․ - «Մեկ-երկու-երեք մարդ ա բերում, ինձ թվում ա․․․ Գները պիտի լինի մաքսիմում 150 դրամ, ոչ ավել: Շատ թանկ ա Հայաստանում, չի համապատասխանում ոչ մի բանի»:

Բենզալցակայանի աշխատակից Գոգիի խոսքով, այսօր 95 տոկոսով պակաս բենզին է վաճառվում, քան տասը տարի առաջ․ - «Կեսից շատը օգտագործում ա գազ: Բենզինի վաճառքը առհասարակ կանգնած ա»:

Հայաստան բենզին ներկրող խոշորագույն «Ֆլեշ» և CPS ընկերությունների ներկայացուցիչների հետ ամբողջ օրվա ընթացքում կապվել չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG