Մատչելիության հղումներ

Ռուսներն առաջարկում են ավելի կոշտ պատժամիջոցներ թուրքերի նկատմամբ


Ռուս-թուրքական առճակատում, քաղաքական ծաղրանկար։
Ռուս-թուրքական առճակատում, քաղաքական ծաղրանկար։

Իսկ թուրքերն ասում են, որ ներողություն չեն խնդրի։

«Դուռը, որը մենք կիսաբաց էինք պահում, փակվել է»

Ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու գործարարները առաջարկում են «կիսատ-պռատ քայլերի» փոխարեն Թուրքիայի նկատմամբ սահմանել ավելի խիստ պատժամիջոցներ, քանի որ Անկարան մտադիր չէ ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ հատուցում տրամադրել Սու-24 օդանավը նոյեմբերի 24-ին վայր գցելու համար։

«Վե՛րջ, Ռուբիկոնը հատվել է, կիսաքայլերն անիմաստ են, մեր պատասխանը պետք է ներառի լուրջ և համապարփակ միջոցներ», - հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը։

Նրա համոզմամբ, ակնհայտ էր, որ Անկարան ներողություն չի հայցի և հատուցում չի առաջարկի, հետևաբար այդ հարցերի արծարծումը ոչ միայն անիմաստ է, այլև Ռուսաստանի համար նվաստացուցիչ։

«Դուռը, որը մենք կիսաբաց էինք պահում, փակվել է, և հենց Թուրքիան է փակել այն», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ռուսաստանցի սենատորը։

Թեթև արդյունաբերության ներկայացուցիչները պատրաստ են պատժամիջոցներ սահմանել։ Թուրքիան Ռուսաստան մանածագործվածքի ներմուծման բիզնեսում երրորդն է Չինաստանից և Բելառուսից հետո։

«Դելովայա Ռոսիա» անվամբ Դաշնային միջմասնաճյուղային խորհրդի անդամ Սերգեյ Վառլամովը հայտարարել է, որ թուրքական տեքստիլը կարելի է հեշտությամբ փոխարինել չինականով, հնդկականով, իրանականով։

Ռուսաստանի մանածագործների արհմիության ղեկավար Ադամ Իլդարովը «Վեստի» հեռուստակայանին ասել է, թե տեքստիլի ներմուծումը Թուրքիայից տարեկան կազմում է 7 միլիարդ դոլար։

«Պարզ թվաբանություն է` 2.5 միլիարդ գնում է Թուրքիայի քաղաքացիներին որպես աշխատավարձ, 400 միլիոն հարկերի տեսքով մտնում է Թուրքիայի պետական բյուջե։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի արդյունաբերությունն օգնության կարիք ունի, մենք աշխատատեղեր ենք ապահովում Թուրքիայի բնակչության 3 տոկոսի համար: Արդյո՞ք դա ընդունելի է», - ասել է Իլդարովը։

Բայց առավել կոշտ միջոցներ է առաջարկում Առևտրի նախարարությունը։ Այդ գերատեսչության համոզմամբ, թուրքերի հետ ապօրինի առևտուր իրականացնող գործարարներին հարկ է ազատազրկել մինչև 5 տարի ժամկետով` ինչպես ալկոհոլի և ծխախոտի մաքսանենգության դեպքերում։

Թուրքերը շարունակում են պնդել, որ չեն զիջելու

«Ռուսաստանի հարցում մեր դիրքորոշումը հստակ է, ռուսական օդանավը վայր ենք գցել, որովհետև այն խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Մենք մինչ այդ նախազգուշացրել ենք ռուսներին, ուստի ներողություն հայցելու կամ հատուցում առաջարկելու մասին խոսք լինել չի կարող», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանյու Բիլգիչը։

Նրա խոսքով՝ Անկարան ռուսական բանակի նկատմամբ սադրանքների չի դիմում, ընդհակառակը` նոյեմբերի 24-ի միջադեպից հետո փորձում է շատ ավելի նրբանկատ լինել։

«Ռուսներն են այնպես գործում, կարծես թուրքերը սպառնում են նրանց: Դա չափազանցություն է, նման բան իրականում չկա», - ասել է Բիլգիչը։

Ռուսների 31 տոկոսն ավելի խիստ քայլեր է պահանջում

Մինչդեռ, ռուսաստանցիների մեկ երրորդը համարում է, որ Դաշնությունը համարժեք կոշտությամբ չի պատասխանել Անկարային։

Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 54 տոկոսը բավարար է համարում սահմանված պատժամիջոցները, 8 տոկոսի համոզմամբ՝ դրանք չափազանցված են, 7 տոկոսը չի կողմնորոշվել, իսկ 31 տոկոսը ենթադրում է, որ անհրաժեշտ է դիմել ավելի խիստ քայլերի։

Ընդհանուր առմամբ, ռուսների մեծամասնությունը հավանություն է տալիս Թուրքիայի հետ առանց վիզաների ռեժիմից հրաժարվելու, թուրքական որոշ ապրանքների ներմուծումը կասեցնելու, Թուրքիա տուրիստական ուղեգրերի վաճառքը, ինչպես նաև չարտերային չվերթներն արգելելու և Ռուսաստանում թուրքական ընկերությունների գործունեությունը սահմանափակելու որոշումներին։

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 5-6-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG