Մատչելիության հղումներ

Պուտին․ Թուրքիայի այսօրվա իշխանության հետ հնարավոր չէ համագործակցել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2015թ․

Ռուսաստանի նախագահը թշնամական գործողություն է որակում Սու-24-ի խոցման միջադեպը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ևս մեկ անգամ ընդգծեց, որ թուրք ժողովրդին բարեկամ ժողովուրդ է համարում, սակայն Թուրքիայի այսօրվա իշխանությունների հետ դժվար է համագործակցել, ավելին՝ հնարավոր չէ: Այդ մասին նա հայտարարեց իր ամենամյա ասուլիսի ժամանակ:

Ասուլիսի արդեն սկզբում Պուտինը թույլ տվեց, որ հարցեր տան թուրք լրագրողները, և պատասխանելով այդ հարցերին՝ ասաց․ - «Մենք համարում ենք, որ այն, որ թուրքերը խոցել են մեր օդանավը, թշնամական գործողություն էր, մեր մարդիկ են զոհվել: Եվ մեզ ամենից շատ զարմացրել է, որ Թուրքիայի ղեկավարությունը չի զանգահարել մեզ և չի բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, փոխարենը՝ սկսել են ՆԱՏՕ-ի վրա հույսները դնել, ՆԱՏՕ-ին էլ, պարզվեց, դա պետք չէր: Չէ որ մենք համագործակցում էինք թուրքերի հետ»:

«Երբ ես վերջին անգամ Անթալիայում էի, Անկարան մեր առջև հարցեր էր դրել՝ Թուրքիայի համար շատ ցավոտ հարցեր, և այդ հարցերի լուծումները, որ առաջարկում էր Անկարան, հակասում էին միջազգային նորմերին, բայց մենք համաձայնել էինք օգնել Թուրքիային», - հավելեց Ռուսաստանի նախագահը, հրաժարվելով, սակայն, հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: Ի դեպ, արդեն երկրորդ անգամ է, երբ Պուտինը այդ մասին հրապարակավ խոսում է:

Ռուսաստանի նախագահի ավանդական ասուլիսն այսօր երեք ժամ տևեց, հնչեցին նաև սուր հարցեր, մասնավորապես, Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի մասին: Պուտինը արձագանքել է, թե չի սիրում խոսել իր ընտանիքի մասին՝ ելնելով նաև անվտանգության նկատառումներից:

Վերջերս, հիշեցնենք, ռուսաստանյան մամուլում լայնորեն քննարկվում էր, որ Մոսկվայի պետական համալսարանի մի շարք լուրջ նախագծերի ղեկավարը Վլադիմիր Պուտինի դուստրն է, ում ամուսինը երիտասարդ մեծահարուստ Կիրիլ Շամալովն է:

Իր ամենամյա ասուլիսը Ռուսաստանի նախագահը սկսել էր տնտեսական հարցերից, ավելի ճիշտ՝ հին անեկդոտից․ - «Մեկ տարի առաջ ասում էին, թե ամեն ինչ վատ է, պարզվեց՝ ամեն ինչ բավականին լավ էր այն ժամանակ»: Նա հավելեց, որ չնայած կառավարությունը սխալվել էր նավթի հնարավոր գնի առումով՝ Ռուսաստանի տնտեսությունը դուրս է եկել ճգնաժամից, ինչի մասին վկայում են օբյեկտիվ ցուցանիշները, որոնք երկար թվարկեց:

Այսօրվա ասուլիսի կարևոր կետերից մեկը․ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասին պատրաստում են սիրիական ճգնաժամի կարգավորման մի փաստաթուղթ, որը ենթադրում է հակամարտության խաղաղ կարգավորում և ընտրությունների անցկացում Սիրիայում: Պուտինի փոխանցմամբ՝ սա ամերիկյան կողմի նախաձեռնությունն է, որը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին օրերս կայացած այցի ժամանակ բերել էր Մոսկվա:

Ռուսաստանի նախագահն այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը:

Թեև վերջին ժամանակներս Մոսկվայում գերադասում են Ուկրաինայի մասին չխոսել, Պուտինը, այդուհանդերձ, այսօր խոսք տվեց ուկրաինացի լրագրողին՝ բարձրաձայնելով «բարեկամական ուկրաինական ժողովուրդ» բառակապակցությունը:

Ուկրաինայի արևելքում ռուսաստանցի զինվորականների մասին հարցին ի պատասխան Ռուսաստանի նախագահը ասաց․ - «Մենք երբեք չենք ասել, որ այնտեղ չկան որոշակի մարդիկ, որ որոշակի հարցեր են լուծում ռազմական բնագավառում»:

Հնչեցին հարցեր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի մասին, ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին: Վերջինիս մասին խոսելիս Պուտինն ասաց, թե երբեք թշնամանք չի տածել նրա նկատմամբ:

Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է վերացնել վիզաների ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG