Մատչելիության հղումներ

logo-print

Ցմահ դատապարտյալները շարունակում են հացադուլը


Ցմահ դատապարտյալների հարազատների բողոքի ցույցը Հանրապետւթյան հրապարակում:

Ցմահ դատապարտյալների հարազատների բողոքի ցույցը Հանրապետւթյան հրապարակում:

Արդեն երրորդ օրը հացադուլը շարունակող 35 ցմահ դտտարապարտյալները իշխանություններից պահանջում են վերանայել իրենց գործերը։

Ի պաշտպանության ճաղերի հետևում գտնվող հարազատների կառավարության շենքի առջև այսօր հավաքված նրանց ծնողները պատասխաններ էին ակնկալում գործադիրի ներկայացուցիչներից։

«Օրենքի սահմաններում պահանջ էին ներկայացրել: Մենք էլ մեր երեխաներին պադդերժկա արեցինք: Բայց ո՛չ մեզ պատասխանեցին նորմալ, ո՛չ մեր երեխաներին», - ասաց հացադուլավորներից մեկի մայրը: - «Ամենապարզ, հասարակ պահանջն ունենք՝ նայեք բոլոր գործերը: Բայց նայեն արդար, ազնիվ և գրագետ իրավաբաններ»:

«Օրենքը վերանայեն, էդ ջահել էրեխեքին գոնե շանս տան, որ մարդը հույս ունենա, որ գոնե կարող ա դուրս գա: Ես էլ իրա հետ միասին հույս ունենամ, որ իմ տղային կտենամ դուրսը», - հավելեց մեկ այլ ցուցարար կին:

Բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամները ևս առանձնացնում են ցմահ բանտարկյալների խնդիրը։ Դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը վերհիշում է վերջերս անբուժելի հիվանդությամբ ազատ արձակված և ազատության մեջ ընդամենը 15 օր ապրած Սողոմոն Քոչարյանի դեպքը։

«Վերջին քսան տարում նման դեպք չէր եղել», - ասաց Սարգսյանը: - «Այսքան տարիների ընթացքում մենակ մի տարբերակով են դուրս գալիս՝ երբ որ մահանում էին: Սողոմոն Քոչարյանի դեպքում դա մի քիչ սաղի համար ցավալի էր․․․ Ընդհանրապես ցմահների խնդիրը լուրջ խնդիր ա զուտ ցմահ հասկացությունը: Ցմահ մեր մոտ դառնում ա իրականում դառնում է զուտ ցմահ․․․ հըլը որ»:

Դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամները պնդում են, որ, չնայած փոքր առաջընթացին, բանտերը ուղղիչ նշանակության փոխարեն շարունակում են պատժիչ դեր ունենալ:

Խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը վկայակոչում է միջազգային պրակտիկան՝ շեշտելով, որ Հայաստանում այն չի գործում․ - «Քսան տարի հետո ցմահ դատապարտյալը իրավունք է ունենում վաղաժամկետ ազատ արձակման: Հայաստանում արդեն մոտ տասնյակ անձ հատել է այդ շեմը, սակայն որևէ դեպք չունենք, որ ցմահը ազատ արձակվի: Ամեն դեպքում նախատեսվում է, որ պետք է անձը հույս ունենա, հնարավորություն ունենա ազատ արձակվել ինչ-որ ժամանակ հետո: Մեր օրենսդրությունը այդ հնարավորությունը տալիս է, բայց գործնականում չունենք այդ հնարավորությունը»:

Հաջորդ խնդիրը բանտերի գերբնակեցումն է: Դիտորդներն առանձնացնում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ մեկ խցում 8-ի փոխարեն 16 բանտարկյալ կա:

Մտահոգության տեղիք են տալիս նաև բանտարկյալների առողջական հարցերը, քրեական հեղինակությունների ազդեցությանն առնչվող խնդիրը: Ռոբերտ Ռևազյանի փոխանցմամբ՝ փորձը ցույց է տալիս, որ բանտարկյալները հաճախ վախենում են բողոքներ ներկայացնել, քանի որ կարող են դրա համար պատժվել քրեական հեղինակությունների կողմից․ - «Դատապարտյալներից մեկը ասաց՝ կարող է հանրապետության նախագահի դեմ մենք գնանք, բայց գողի դեմ մենք չենք գնա»:

Արդարադատության նախարարության պաշտոնյաները խոստանում են լուծել բոլոր հարցերը: Քրեակատարողական վարչության իրավական բաժնի պետ Միքայել Զախարյանը գերբնակեցման հետ կապված անգամ ժամկետ նշեց՝ կես տարի:

«Բացի հիմնարկների գերբեռնվածությունը նվազեցնելը, այսօր նաև մի քաղաքականություն է մշակվում, որպեսզի հատկապես կալանավորված անձինք հնարավորինս պահվեն իրենց բնակավայրերին մոտ տարածքներում: Արդեն բերվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օրինակը, որը նախկինում նախատեսված չի եղել կալանավորված անձանց պահելու համար, սակայն հետագայում լրակազմ նախատեսեցինք: Այս նույն կոնտեքստում նախատեսեցինք նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 80 լրակազմով կալանավորված անձանց պահելու հնարավորություն», - հավելեց Զախարյանը:

XS
SM
MD
LG