Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցազրույցը «Ազատությանը»:

«Ազատություն». - Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շուրջ հինգ ընտրատեղամասերից արդյունքների կեղծման մասին փաստեր ներկայացրեց, մասնավորապես՝ կնքված, ստորագրված արձանագարությունների քաղվածքներ, որտեղ արտացոլված թվերը տարբերվում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վերջնական՝ պաշտոնական արդյունքներից։ Ընդ որում, բոլոր այդ տեղամասերում «այո»-ն ավելացվել էր, իսկ «ոչ»-ը՝ պակասեցվել։ Ինչպե՞ս սա կարող էր տեղի ունենալ։

Տիգրան Մուկուչյան. - Ներկայացվածի հետ կապված երեկ մենք նշեցինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա են արձանագրություններ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված, որոնցում արձանագրված են այն թվերը, որոնք ներկայացված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, առձեռն ունեն փաստաթուղթ, ես լուսանկարահանել եմ դա։

Տիգրան Մուկուչյան. - Ես ինքս տեսել եմ դրանք՝ համացանցում հրապարակված վիճակում։

«Ազատություն». - Կա կնիք, այսինքն՝ այստեղ ֆիքսված կնիք կա դրված, կա հանձնաժողովի նախագահի ստորագրությունը, հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը, հետևաբար սա ի՞նչ փաստաթուղթ է, եթե սա չի արտացոլում իրականությունը, ինչպես Դուք եք նշում։

Տիգրան Մուկուչյան. - Ես սոսկ կարող եմ ենթադրել հետևյալը, որ տեղամասային ընտրական հանձնաժողովն աշխատանքն ավարտելուց հետո, բնական է, ներկա են գտնվել անձինք, նրանց տրամադրվել են ինչ-ինչ քաղվածքներ։ Այսինքն, եթե ստուգվում է այս քաղվածքների իսկությունը և պարզվում է, որ դրանք պարունակում են հանձնաժողովի կնիքը, ստորագրված են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կողմից և այլն, եթե սրանք պարզվում են, որ այդպես է, նշանակում է, որ տրամադրվել են քաղվածքներ։ Հիմա, եթե այդ քաղվածքում ամրագրված տեղեկությունների միջև և հետագայում ընտրատարածք և ԿԸՀ ներկայացված արձանագրությունների թվերի միջև առկա է անհամապատասխանություն, ապա, բնականաբար, մենք այստեղ գործ ունենք բոլորովին այլ հատկանիշի հետ։ Դա արդեն հանցագործություն է ըստ էության։

«Ազատություն». - Դուք չե՞ք բացառում, որ կարող է հանցագործություն կատարված լինել, այսինքն` արձանագրությունները փոխված լինեն։

Տիգրան Մուկուչյան. - Հնարավոր է նաև ինչ-որ անձանց կողմից հանցագործություն կատարված լինի, իհարկե, դա՝ հնարավոր է։ Հնարավոր է նաև նման տարբերակ [արձանագրությունները փոխված լինեն]։ Յուրաքանչյուր պարագայում, ես կարծում եմ, պետք է քննություն իրականացվի, քննության արդյունքում հասկանալ․․․ որակել է որպես հանցագործություն։

«Ազատություն». - Եթե պարզվի, որ կեղծվել են, այդ ընտրատեղամասերում չեղյալ կհայտարարվի՞ հանրաքվեի արդյունքները։

Տիգրան Մուկուչյան. - Էս փուլում մենք անվավեր ճանաչելու որևէ մեխանիզմ, բնականաբար, չունենք։ Ու եթե անգամ հաստատվի հանցագործության փաստը, միանշանակ է, որ այստեղ պատասխանատվության ինստիտուտը կգործի: Բայց հինգ տեղամասերի տարբերակով երբ ներկայացվում են նման տվյալների տարբերություններ և այլն, այստեղ ակնհայտ է, որ անգամ այդ հինգ տեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու պարագայում մենք ընտրության արդյունքի պատկերի տարբերություն, բնականաբար, չենք կարող արձանագրել:

«Ազատություն». ​- Պարոն Մուկուչյան, վստահության պակասի մասին խոսում են նաև միջազգային կառույցները, դեսպանատներ, դեսպաններ, միջազգային դիտորդներ: Ես ուզում եմ անդրադառնալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զգուշացմանը, որ ընդհուպ կարող են պատժամիջոցներ կիրառվել՝ ընտրակեղծարարությանը մասնակցած անձանց մասին հրապարակումները հաշվի առնելով: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով նաև Ձեր հասցեագրված մեղադրանքը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ Դուք նույնպես հայտնվեք այդ պատժամիջոցների ցանկում:

Տիգրան Մուկուչյան. - Նախ, անկեղծ ասած, հարցադրումը չեմ կարողանում ընկալել: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր կատարել են ընտրախախտումներ, այդտեղ երկրորդ կարծիք գոյություն չունի: Այն բոլոր անձինք, ովքեր ընտրախախտումներ են իրականացրել, բնականաբար, նշված անձինք պետք է ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվությանը: Դա միանշանակ է, և այստեղ որևէ մեկը դրա վերաբերյալ այլ տեսակետ չունի և չի էլ կարող ներկայացնել:

«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս կգնահատեիք [Միացյալ Նահանգների] դեսպանատան հայտարարությունը:

Տիգրան Մուկուչյան. - Ես, բնականաբար, որևէ գնահատական նշված հայտարարությանը չեմ կարող ներկայացնել:

«Ազատություն». - Այսինքն Դուք բացառում եք, որ պաշտոնատար անձինք հանկարծ հայտնվեն այդ պատժամիջոցների ցանկում:

Տիգրան Մուկուչյան. - Դուք տալիս եք ինձ մի հարց, որի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ, որի որոշողը նաև ես չեմ ո՛չ իմ գործառույթների տիրույթում, ո՛չ իրականացվող գործառույթների համատեքստում:

«Ազատություն». - Ինչո՞ւ զգալի դրական արդյունքի այդպես էլ չենք հասնում: Ինչո՞ւ միշտ ամեն ընտրական գործընթացից հետո ունենում ենք վստահության մեծ պակաս, այսպիսի մեծ դժգոհություն հանրության շրջանում:

Տիգրան Մուկուչյան. - Դժվար է այստեղ մի բառով պատասխանել, որովհետև ընտրական գործընթացի ժամանակ գործընթացին մասնակցում են բազմաթիվ սուբյեկտներ՝ հանձնաժողովներ, վստահված անձինք, դիտորդներ, ընտրող քաղաքացիներ և այլն, և այս բոլորը, ըստ էության, ընտրական գործընթացի մի մասնիկն են, և յուրաքանչյուրի դրսևորած վարքագիծը հանրագումարում բերում է այն վստահությանը, որը մենք ունենում ենք:

«Ազատություն». - Արդյո՞ք կոնկրետ կենտրոններից չեն ղեկավարվում կոնկրետ անձանց վարքագծերը: Նկատի ունեմ ընտրախախտումները, լցոնումները․․․

Տիգրան Մուկուչյան. - Կարծում եմ, ոչ: Եթե խոսքը վերաբերում է ինչ-որ ձևով կազմակերպվածությանը, դա բոլորովին այլ խնդիր է: Ես հակված չեմ նման կերպ մտածելու, որ դրանք իրականացվում են ինչ-որ կազմակերպված մեխանիզմներով․․․

«Ազատություն». - Այդ դեպքում ինչո՞ւ անհատը պետք է լցոնում կազմակերպի, կրկնակի քվեարկություն անի․․․ Մոտիվացիան ո՞րը պետք է լինի:

Տիգրան Մուկուչյան. - Տարբեր կարող են լինել: Այն անձինք, ովքեր որ զբաղվում են ընտրախախտմամբ, և դրա համար առանձին անձանց նկատմամբ քրեական պատիժներ են սահմանվում, գուցե պետք է այդ անձանցից պարզել, թե որն է եղել իր մոտիվացիան: Ես որևէ ընտրախախտման մեջ երբևէ ներգրավված չեմ եղել, հետևաբար ես չեմ էլ կարող ընկալել ու պատասխանել, թե որն է նշված անձանց մոտիվացիան:

XS
SM
MD
LG