Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. «Սա վերջը չէ»


Իշխանափոխության համար պայքարը շարունակվում է, և շարունակվում է ոչ տրորված ճանապարհով, ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Գիտեք, ես հիմա տանը չեմ։ Համենայն դեպս, ես էս ընթացքում եղել եմ Հայաստանի տասնյակ գյուղերում, բնակավայրերում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա այդպես արձագանքեց ընդդիմադիրների այն քննադատությանը, թե Փաշինյանը տանից է պայքարում և միայն ապագայի մասին խոսում, երբ փաստացի Եվրամիությունից մինչև Միացյալ Նահանգներ, տեղացի, միջազգային դիտորդներ բարձրաձայնում են ընտրակեղծիքների մասին։

«Եթե որևէ մեկը կարողանար էս հանրաքվեին ընդառաջ՝ երկու տարի առաջ, կամ մի տարի առաջ, նայել ապագայի դիրքերից, այսօր մենք էս իրավիճակը չէինք ունենալու։ Այո, ես պարտավոր եմ ապագայի դիրքերից նայել», - հայտարարեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովի իր ելույթը ավարտել է Ուինսթոն Չերչիլից մեջբերումով: «Նա արել է ուրիշ առիթով, բայց ես ասացի, որ կկրկնեմ դա էս իրավիճակի համար՝ «սա վերջը չէ, սա նույնիսկ վերջի սկիզբը չէ, բայց սա, ամենայն հավանականությամբ, սկզբի վերջն է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Ես այն ժամանակ չբացեցի, թե ինչի համար եմ այս նախադասությունն օգտագործում։ Տեքստ ունեի, ուղղակի այդ ժամանակ էդ տեքստը որոշեցի չասել։ Ես այն ժամանակ պետք է ասեի, որ մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը և իր թիմը կանցկացնի որևէ ձևով էս սահմանադրական հանրաքվեն։ Բայց ես ուզում եմ՝ հիմա էլ ուզում եմ, էն ժամանակ էլ էի ուզում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հույսի և լավատեսության ուղերձ տալ և ասել՝ «սա վերջը չէ, իշխանափոխության, Հայաստանում փոփոխությունների համար պայքարը շարունակվում է, և շարունակվում է ոչ տրորված ճանապարհով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզված եմ, որ քաղաքական, ինտելեկտուալ և ռազմավարական մոտեցումն այն միակ մոտեցումն է, որ մեզ կարող է տանել հաղթանակի», - ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG