Մատչելիության հղումներ

logo-print

Դինքի սպանության կրկնակի քննությունն ու ոստիկանների անգործությունը՝ մեկ վարույթում


Հրանտ Դինք, դեկտեմբեր, 2006թ․

Հրանտ Դինք, դեկտեմբեր, 2006թ․

Ըստ դատարանի, երկու քրեական գործերը թե՛ փաստական, թե՛ իրավական առումով բազմաթիվ ընդհանրություններ ունեն։

Հրանտ Դինքի սպանության կրկնակի քննությունն ու բարձրաստիճան թուրք ոստիկանների դեմ «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը չկանխելու մեղադրանքով հարուցված քրեական գործերը միավորվել են մեկ միասնական դատական վարույթում և քննվելու են նույն դատական պրոցեսի շրջանակում: Այս մասին գրում է թուրքական Zaman օրաթերթը` տեղեկացնելով, որ Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը երեկ որոշում է կայացրել մի շարք բարձրաստիճան ոստիկանների գործի քննությունը քաղաքի մեկ այլ` 5-րդ քրեական դատարան տեղափոխելու մասին:

Այստեղ ընթանում է Դինքի սպանության փաստի առթիվ վերաբացված քրեական գործի քննությունը, որը 2013 թվականի դեկտեմբերից ուսումնասիրում է լրագրողի դեմ կատարված մահափորձի շուրջ ի հայտ եկած նոր հանգամանքները:

Խոսքը, հիշեցնենք, թուրքական ոստիկանության 25 բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, ովքեր 2007 թվականին հստակ տեղեկություններ են ունեցել Դինքի դեմ ծրագրվող մահափորձի մասին, սակայն այդպես էլ որևէ քայլի չեն դիմել սպանությունը կանխելու համար:

Այդ ոստիկանների թվում են Ազգային ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին պետ Էնգին Դինչը, Ստամբուլի ոստիկանական վարչության նախկին ղեկավար Ջելալեդդին Ջերահը, Տրապիզոնի և Ստամբուլի ոստիկանության մի շարք այլ նախկին ղեկավարներ:

Այս բոլոր ոստիկաններին «հանցավոր խմբավորում կազմելու և կանխամտածված սպանության» մեղադրանքներ էին առաջադրվել: Դրանք հաստատվել էին նաև Դինքի սպանության անմիջական հեղինակի` Օգյուն Սամասթի` ամիսներ առաջ իրականացված հարցաքննության ընթացքում:

Այժմ, ահա, սպանության գործում ի հայտ եկած նոր հանգամանքներն ու ոստիկանների անգործության հարցերը քննվելու են միասնաբար՝ մեկ դատական գործընթացի շրջանակում: Բացատրելով կայացված այս որոշումը՝ Ստամբուլի 14-րդ դատարանը երեկ հայտարարել է. - «Նման վճիռ կայացվել է այն պատճառով, որ երկու քրեական գործերը թե՛ փաստական, թե՛ իրավական առումով բազմաթիվ ընդհանրություններ ունեն»։

XS
SM
MD
LG