Մատչելիության հղումներ

Լոռու մարզում շինաշխատանքները հանձնվել են Վանաձորի քաղաքապետի ու նրա եղբոր ընկերություններին


Քաղաքապետ Սամվել Դարբինյանը պնդում է, որ ինքը տրվող պատվերների հետ կապ չունի, ընկերությունների կառավարմանն էլ չի մասնակցում:

Կառավարության հրատապ ծրագրով Լոռու մարզում նախատեսված ավելի քան 1 միլիոն դոլարի շինարարական աշխատանքները առանց բաց մրցույթի հանձնվել են Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու նրա եղբորը պատկանող ընկերություններին:

«Լոռի ՃՇՇ» և «Արգիշտի-1» շինարարական ընկերությունների հետ Լոռու մարզպետարանի կնքած պայմանագրերով Դարբինյանների ընկերությունները մինչև դեկտեմբերի 20-ը պետք է իրականացնեն Վանաձոր ու Սպիտակ քաղաքների որոշ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

Մեկ այլ պայմանագրով՝ «Արգիշտի-1» ընկերությանն այս տարի փոխանցվել է շուրջ 150 միլիոն դրամ, որի դիմաց մինչև դեկտեմբերի 20-ը պետք է ասֆալտապատվի Կաթնաջուր-Շիրակամուտ գյուղերի 4 կմ երկարությամբ ճանապարհի շուրջ կեսը: Ճանապարհի մյուս կեսի շինարարությունն ըստ պայմանագրի՝ պետք է իրականացվի հաջորդ տարիներին նախատեսվող միջոցներով:

Վանաձորի քաղաքապետի պնդմամբ՝ ինքը տրվող պատվերների հետ կապ չունի, իսկ ընկերությունների կառավարմանն էլ չի մասնակցում:

«Ես քաղաքապետ ընտրվելուն պես այդ հիմնարկությունները օրենքով սահմանված կարգով տվել եմ հավատարմագրված կառավարման և ընդհանրապես կառավարման հետ ես գործ չունեմ՝ ոչ մրցույթներ շահելու, ոչ էլ աշխատանքները կատարելու։ Դա օրենքը թույլ է տալիս։ Շահարկում են այդ խնդիրը, որ եղբայրս է կամ ընկերս է։ Լոռու մարզում համարյա բոլոր շինարարներն էլ իմ ընկերներն են», - ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը։

Սամվել Դարբինյանի՝ ավելի քան 16 տարվա քաղաքապետության շրջանում, Վանաձորի և ընդհանրապես Լոռու մարզի շինարարական աշխատանքների զգալի մասն իրականացրել են Դարբինյաններին պատկանող ընկերությունները՝ տարեկան ստանալով մի քանի միլիարդ դրամի պատվեր: Քաղաքապետի խոսքով՝ խնդիրն այն է, որ այլ տեղերից բերվող ասֆալտը չունի անհրաժեշտ որակը, և այլ կազմակերպություններին ձեռնտու էլ չէ տեխնիկա հասցնել Վանաձոր:

«Լոռու մարզի ամենահզոր ճանապարհաշինական կազմակերպությունը այդ երկու կազմակերպություններն են։ Իհարկե, մանր-մունր կազմակերպություններ էլ կան, բայց փոխանակ ձեզ հետաքրքրի քաղաքի ընդհանուր վիճակը, քաղաքի ճանապարհների վիճակը, անընդհատ գնում-գալիս եք՝ ո՞ր կազմակերպություններն են։ Տո թող Ամերիկայի Միացյալ Նահանգներից շատ լավ կազմակերպություններ գան և Վանաձորի 200 կիլոմետր ճանապարհներն էլ ասֆալտապատեն, ի՞նչ է եղել», - ասում է նա։

Առանց բաց մրցույթի գնումների իրականացումը սեպտեմբերին թույլատրել էր կառավարությունը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դա այսպես էր մեկնաբանել․ - «Եթե հիմա պիտի մրցույթ հայտարարենք, 50 օր հետո արդյունքներ ունենանք, նոյեմբերին ի՞նչ պիտի շինարարություններ անենք։ Դրա համար հարկավոր է, որ խնդիրներին շուտ լուծում տանք»։

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրականում իրենք դիմել են մի քանի կազմակերպության, սակայն ամենաէժան պայմաններն առաջարկել է Դարբինյանների ընկերությունը․ - «Առողջ մրցակցություն էր, որի արդյունքում հաղթեց։ Հո որպես քաղաքապետի եղբայր շինարարին չե՞ն ընդունում։ Ես ընդունում եմ, որպես «Արգիշտի 1» շինարարական կազմակերպություն»։

Վանաձորից ընտրված Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդմամբ՝ տարիներ շարունակ տեղի է ունենում ակնհայտ կոռուպցիոն դրսևորում․ - «Մարդիկ հանգիստ տարիներով այդ շահերի բախման խնդիրը նորմալ իրացրել են և որևէ պատասխանատվության հարց չի բարձրացվել։ Եվ մյուս կողմից՝ աշխատանքի որակի հետ կապված խնդիր էլ կա, որովհետև պատկերացրեք՝ ես վճարում եմ իմ ընկերությանը, որպեսզի իմ ընկերությունը ասֆալտ անի, հետո ես ստուգում եմ իմ ընկերության արած ասֆալտի որակը։ Ի՞նչ եք կարծում, կա՞ այստեղ շահերի բախում, կա՞ այստեղ կոռուպցիոն երևույթ, թե ոչ։ Միանշանակ է, որ կա։ Եվ այդ տարիների ընթացքում մարդիկ ուղղակի միլիոնատերեր են դարձել»։

XS
SM
MD
LG