Մատչելիության հղումներ

Սիրիայի առնչությամբ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները «շատ հարցերում համընկնում են»


«Չնայած տարաձայնություններին, մենք ցույց տվեցինք, որ  Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները աշխատում են նույն ուղղությամբ», - Կրեմլում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Ջոն Քերրին:

Ռուս - թուրքական հակամարտության մասին հայտարարություններ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցի ընթացքում չեն հնչել, թեև հասկանալի է, որ դռնփակ բանակցություններում հարցը, անշուշտ, քննարկվել է:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին երեկ Մոսկվայում էր․ օրվա ընթացքում նա հանդիպել էր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի, Հելսինկյան խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևայի հետ: Ուշ երեկոյան Քերրիին և Լավրովին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի քան երեքժամյա դռնփակ հանդիպմանը հետևել էր Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների համատեղ ասուլիսը:

Ջոն Քերրին լրագրողներին փոխանցեց, որ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները Սիրիայի առնչությամբ շատ հարցերում համընկնում են․ - «Չնայած տարաձայնություններին, մենք ցույց տվեցինք, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները աշխատում են նույն ուղղությամբ»:

Քերրին նաև ասել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը փոխանցել էր Վաշինգտոնի մտահոգությունը, որ ռուսաստանյան օդուժի որոշ հարվածները Սիրիայում ուղղված են ոչ թե «Իսլամական պետության» գրոհայինների, այլ «չափավոր ընդդիմության» դեմ:

Լավրովը բանակցությունները որակել է «կոնկրետ»՝ հայտարարելով, որ քննարկվել են ԻՊ-ի և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի ակտիվացմանն ուղղված քայլերը:

Ռուսաստանցի մեկնաբանների հիմնական շեշտադրումն այն է, որ Ջոն Քերրին Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չեն ձգտում մեկուսացնել Ռուսաստանին․ - «Մենք մշտապես ասել ենք, որ երբ Մոսկվան և Վաշինգտոնը կարողանում են համաձայնության գալ, դա միշտ օգտակար է լինում»:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում անցկացնել Սիրիայի հարցով հերթական գագաթնաժողովը: «Հուսով ենք, որ կկարողանանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել Սիրիայի հարցով հռչակագրի նախագիծը, որտեղ նշված կլինեն նախկինում Վիեննայում ընդունված բոլոր սկզբունքները», - ասել է Սերգեյ Լավրովը:

Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների շուրջ: Լավրովը հայտարարել է, որ այդ հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը գրեթե համաձայնեցրել են իրենց մոտեցումները:

Կրեմլում հնչել է ևս մեկ հայտարարություն, որը ոգևորել է ռուսաստանցի մեկնաբաններին: Ջոն Քերրին հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ը համարում է, որ Սիրիայի նախագահ Ասադը պետք է հեռանա, իրենք, այդուհահանդերձ, այսօր «չեն ձգտում փոխել ռեժիմը»:

Կրեմլում կայացած բանակցությունների հետո Քերրին հայտարարել է նաև, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները կվերացվեն՝ եթե Ռուսաստանը կատարի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

XS
SM
MD
LG