Մատչելիության հղումներ

Խորհրդարանի միջանցքներում այսօր գլխավոր թեման սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքն էր։

Օրվա սկզբում հայտնի դարձավ, որ դրան միացել է նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, թեև Ազգային ժողովում նրան ոչ ոք չէր տեսել։ Սա մեծացնում է հավանականությունը, որ ստորագրահավաքին կմիանան նաև սահմանադրական նախագծի քվեարկությունը բոյկոտած ԲՀԿ-ական մյուս պատգամավորները։ Էլինար Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Փարիզում է, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանն էլ այսօր հստակ ոչինչ չասացին։

Ստորագրահավաքի վերջնաժամկետին մնացել է երկու օր, Այս պահի դրությամբ հավաքվել է 17 ստորագրություն, անհրաժեշտ է ևս 10-ը։

Այսօր առավոտյան ՀԱԿ-ի նախաձեռնության տակ ստորագրեցին նաև «Օրինաց երկրից» պատգամավորներ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը։ Այս խմբակցության երկու պատգամավոր էլ երեկ էր միացել ստորագրահավաքին։ ՕԵԿ-ականներից ճշտեցինք, թե ո՞րն է պատճառը, որ ամբողջ խմբակցությամբ միացել են։ Մհեր Շահգելդյանը ասաց, որ իրենք ընդդիմադիր գործընկերներին են աջակցում, հանրաքվեի օրն էլ բազմաթիվ խախտումներ են նկատել․ - «Այն, որ սահմանադրական հանրաքվեն փաստ է այսօր՝ դա փաստ է։ Ուղղակի դատական գործընթացներով անցնելու տեսանկյունից մենք աջակցեցինք մեր գործընկերներին»։

Այսօր ստորագրած 17-րդ պատգամավորը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էր։ Նա թեև «այո»-ի կողմնակից է, բայց կարծում է, որ հանրաքվեի արդյունքների հանդեպ քաղաքացիների մոտ կասկած կա․ - «Ես կողմնակից եմ լեգիտիմ պրոցեսին։ Կեղծիքով արված լավ բանը չի կարող լավը լինել»։

Արզումանյանը ընդդիմադիրներին աջակցելը իր պարտքն է համարում, թեև կարծում է, որ անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվի, իսկ եթե լավատեսական սցենարն էլ աշխատի՝ Սահմանադրական դատարանի հետ հույսեր չի կապում․ - «Սահմանադրական դատարանի քսանամյա փորձը ցույց է տալիս, որ մարդիկ որևէ դեպքում չեն վստահում, որովհետև որևէ հիմնավորված վճիռ դեռևս չի կայացրել այդ կառույցը»։

Սպասվում է, որ նախաձեռնությանը կմիանա նաև գործուղման մեջ գտնվող Հրանտ Բագրատյանը, այդ դեպքում ՀԱԿ-ից ստորագրահավաքին չմիացած միակ պատգամավորը Լյուդմիլա Սարգսյանը կլինի։ Նրա հետ այսօր զրուցել չհաջողվեց․ աշխատասենյակի դուռը փակ էր, թեև լույսը միացված էր, իսկ ներսից ձայներ էին լսվում։

Ստորագրահավաքին միանալու պատրաստակամություն է հայտնել նաև «Ժառանգություն» խմբակցության նախկին ղեկավար, վերջերս կուսակցությունը լքած Ռուբեն Հակոբյանը։ Նա այսօր Ֆեյսբուքում գրել է, որ կմիանա, եթե ՀԱԿ-ը հայտարարի, որ այս հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների հիմքերը դրվել են 1995 թվականի հանրաքվեի ժամանակ։

Եթե վերոնշյալ բոլոր պատգամավորները միանան, ապա վճռական կլինի Դաշնակցության տեսակետը։ Պատգամավոր Արծվիկ Մինասյանը թեև ՀԱԿ-ի հանդեպ լավ չի տրամադրված, բայց ասաց, որ եթե իրենց ներկայացնեն, թե ինչ փաստեր են փոխանցվելու Սահմանադրական դատարան, ապա իրենք միանալու հարցը կքննարկեն։

«Մենք վստահում ենք մեր հանձնաժողովի անդամների և մեր դիտորդների տեսակետներին, որոնց բերած ինֆորմացիան բավարար եզրակացություն չի տալիս մեզ ասելու, որ «այո»-ն չի անցել», - նշեց Մինասյանը։

XS
SM
MD
LG