Մատչելիության հղումներ

Շատ հայաստանցիներ վերադառնում են՝ փորձելով «գոյատևման» գումար հայթայթել այստեղ՝ հայրենքիում:

Թեև բերրի հողատարածքներով հայտնի Արարատի մարզից ևս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողները քիչ չեն, բայց Աբովյան գյուղի բնակիչ Ռաֆիկ Եղիազարյանն ասում է, թե «հիմա բոլորը հիասթափված են» ռուսաստանյան աշխատանքից, քանի որ ռուբլու արժեզրկման պատճառով 2 անգամ պակաս գումար են աշխատում։

Ռաֆիկը նախորդ տարիների անհաջող փորձերից հետո այս տարի գարնանը ևս բախտը փորձել է Ռուսաստանում, բայց ձեռնունայն է տուն վերադարձել։ «Գործը շատ դժվար ու շատ երկար, փողն էլ ուշացնում են: Մինչև տալիս էին, կուրսը թափով իջնում էր, և աշխատանքդ դառնում էր հեչ բան արդեն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Ռուբլու արժեզրկման հերթական ալիքից հուսախաբված Ռաֆիկը եզրակացրել է՝ Ռուսաստանում աշխատելն այլևս անիմաստ է, վերադարձել է Հայաստան և հիմա շինարարությամբ է զբաղվում։ Եղիազարյանների վերամիավորված ընտանիքը հիմա էլ մտածում է որդուն Ռուսաստանից վերադարձնելու մասին։ Որդին՝ Արմենը բանակում ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է արտագնա աշխատանքի՝ հոր հոգսը թեթևացնելու համար։ Ծնողներն ասում են՝ Հայաստանում էլ մի գործ կգտնի։

Եթե Արմենի՝ Ռուսաստանում վաստակած 30 հազար ռուբլին անցյալ տարվա սկզբին մոտ 370 հազար դրամ էր կազմում, ապա այսօրվա փոխարժեքով՝ հազիվ 200 հազար է։ Ռաֆիկի խոսքով՝ այդ գումարով անգամ նոր տարվա սեղան չեն կարող գցել։ Նույն վիճակում են հայտնվել նաև գյուղի մյուս բնակիչները։ «Սաղ էլ էս կուրսի պահով հիմա դժգոհ են, եթե հազիվ սննդի համար ենք վաստակում, Հայաստանում կաշխատենք»:

Ռուսաստանում տնտեսական իրավիճակն առաջիկայում չի կայունանա՝ շարունակելով բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա, ասում են տնտեսագետները։ Վերջին մեկ տարում Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ավելի քան կես միլիարդ դոլարով կրճատվել են։

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը նկատում է՝ նավթի գներն ավելի են նվազել, իսկ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին էլ խոսք չկա: Եթե անցյալ տարի Ռուսաստանի տնտեսական անկման պատճառով Հայաստանում դրամը ևս արժեզրկվեց, ապա, տնտեսագետի կարծիքով, դրամն այս անգամ կայուն կմնա:

Խնդիրները, սակայն, դրանից չեն պակասի. ԵՏՄ-ին անդամակցելուց ի վեր Հայստանում նվազել են և՛ ռուսական ներդրումները, և՛ առևտրաշրջանառությունը, և դրամական փոխանցումները։ «Այսինքն՝ ամենախոցելի խավ էլ, որը գոյատևում է դրսից ուղարկված փողերով, ամենածանր հարվածն է զգում»,- ասում է Թունյանը:

XS
SM
MD
LG