Մատչելիության հղումներ

51-ամյա պատմաբանն ապրում է կիսավեր կրպակում


Մանագիտությամբ պատմաբան Սարգիս Հակոբյանն ապրում է կիսավեր կրպակում

Մանագիտությամբ պատմաբան Սարգիս Հակոբյանն ապրում է կիսավեր կրպակում

Սարգիս Հակոբյանն իր խարխուլ կացարանից գոհ է, գոնե գլխին ծածկ ունի: Սրտնեղում է, որ ուտելիք են տալիս, պատրաստ է աշխատել ու վաստակել, բայց աշխատանք չունի:

Երևանցի 51-ամյա Սարգիս Հակոբյանը, ով մասնագիտությամբ պատմաբան է, արդեն 3 տարի է բնակվում ու աշխատում է ճամփեզրին տեղադրված 2-3 քմ տարածք ունեցող թերթի կիսաքանդ կրպակում: 90-ականներին տունը վաճառել են, ինքնաթիռի տոմս գնել ու եղբորն արտագնա աշխատանքի ուղարկել: Բայց 18 տարի է, ինչ նրանից տեղեկություն չունի, մայրն ու կինը մահացել են, ինքն էլ՝ հայտնվել դրսում:

Կրպակի տիրոջ թույլտվությամբ շուրջ 3 տարի է, ինչ Սարգիսը գլխին թեկուզ կիսախարխուլ, բայց ծածկ ունի: Նրա միակ եկամուտը գոյանում է թերթերի վաճառքից, ամսական առավելագույնը՝ 20 հազար դրամ: Ասում է՝ բազմաթիվ գործատուների դռներ է թակել, բայց ապարդյուն: Նախկին աշխատավայրում էլ հետ չեն ընդունել, պատճառաբանելով, թե տարիքն անցել է: Թոշակի տարիքին հասնելու համար դեռ 12 տարի ունի, տարակուսում է՝ մինչ այդ ինչպե՞ս ապրի: Ասում է, թե իր նման շատերին գիտի, որ 40-ը բոլորելուց հետո անգործ են մնացել:

«Ես միշտ մտածել եմ, որ ինձնից ավելի վատ վիճակում գտնվողներ էլ կան, նույնիսկ պետությանը չեմ ուզել նեղություն տամ, չեմ ասել՝ ինձ նպաստ տուր, չեմ ուզում: Ես աշխատանք եմ ուզում, ես ի վիճակի եմ աշխատել: Ինձ ասեցին՝ հոպար ջան, կներես, 50 տարեկան ես, չենք ընդունում»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Սարգիս Հակոբյանը:

Մինչ խարխուլ կրպակում «տնավորվելը», բնակվել է համատիրության նկուղներից մեկում ու հավաքարար աշխատել: Ծալելով ցրտից սառած մատները՝ թվարկում է նախկին աշխատավայրերն ու հավելում՝ աշխատանքային գրքույկի էջերը գրեթե դատարկ են, որովհետև գործատուներն իրեն որպես աշխատող չեն գրանցել: Սոցապ նախարարությունից տեղեկացել է, որ, եթե մինչև 63 տարեկանը գրանցված աշխատանքային փորձ չկուտակի՝ 40 հազար դրամ թոշակի փոխարեն մոտ 18 հազար դրամի չափով ծերության նպաստ կստանա միայն: Այժմ թաղամասի բնակիչներն ու կրպակի առջև կայանող տաքսու վարորդներն են հալ ու քեֆ հարցնողերն ու օրվա ճաշով ապահովողները: Նեղսրտում ու ամաչում է այդ վիճակից:

«Ինձ համար դա վիրավորական ա, ախր ես ոտ ու ձեռից ընկած մարդ չեմ, ինձ պետք չի օգնել»:

Պլաստմասե բարակ կտորներով փակել է կրպակի պատերի անցքերը, որ դիմանա ձմռան ցրտին: Շաբաթներ առաջ մի ավտոմոքենա դուրս է եկել ճանապարհից ու հարվածել իր կրպակին՝ լրջորեն վնասելով առանց այդ էլ խախուլ այդ կացարանը: Փոխհատուցում չի ուզում, ասում է՝ կիսամեռ վարորդից ի՞նչ պահանջեր:

Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին լսել անգամ չի ուզում, վերջին հանրաքվեին էլ «այո» , կամ «ոչ» ասելու չի գնացել, որովհետև վստահ է՝ իր խնդիրները չեն լուծվելու: Ամանորին չի պատրաստվում, ոչ էլ կրպակը զարդարելու տրամադրություն ունի: «Կյանքս էնքան զարդարված ա, մի հատ էլ էս զարդարե՞մ, ինձ ով ա հիշում, ո՞վ ա գալիս շնորհավորում, ես էմ էլի, ինձ համար նստում եմ, մի բաժակ բան եմ խմում, ժամը 10-ին պառկում քնում եմ․․․»:

Կյանքը գիշերօթիկում սկսած 51-ամյա պատմաբանը չէր էլ կարող պատկերացնել, որ իր կյանքի պատմությունն այսպիսի ընթացք կունենա, և ինքը միայնակ ու անօթևան կդառնա: «Կան, չէ՞ ճակատագրով դժբախտ մարդիկ՝ դրանցից մեկն էլ ես եմ»,- ասում է «Ազատության» զրուցակիցն ու շարունակում՝ իրեն հիմա երկու հարց է մտատանջում՝ մանկությունից խեղված իր ճակատագիրն ու ներկա անորոշությունը:

XS
SM
MD
LG