Մատչելիության հղումներ

logo-print

Ավակովը հրապարակեց Սաակաշվիլիի հետ իր բախման տեսագրությունը


Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Արսեն Ավակով, Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Ըստ տեսագրության, բախման պատճառը Օդեսայի գործարաններից մեկի սեփականաշնորհման շուրջ մարզային և կենտրոնական իշխանությունների միջև ծագած տարաձայնություններն էին:

Վերջին երկու օրերի հետխորհրդային տարածքի թերևս ամենասպասված տեսագրությունը Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրապարակեց մի քանի ժամ առաջ` իր ֆեյսբուքյան էջում:

Տեսագրությունից պարզ է դառնում, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի գործող նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հետ բախման պատճառը ծովափնյա այդ քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման շուրջ մարզային և կենտրոնական իշխանությունների միջև ծագած տարաձայնություններն էին:

Դեռ շաբաթներ առաջ այս ձեռնարկության սեփականաշնորհման շուրջ ծագած հակասությունների պատճառով Սաակաշվիլին հայտարարել էր, որ Արսենի Յացենյուկի կառավարությունը կոռումպացված է:

Սաակաշվիլիի հենց այդ արտահայտությունն էր, որից դժգոհում էր Արսեն Ավակովը՝ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ։

«Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը առաջնորդում է կոռուպցիան: Ասացիք դա, առանց ապացույցների, հստակորեն, միանշանակորեն», - ասում էր Ավակովը: Դրան ի պատասխան, Սաակաշվիլին պնդում էր, թե ապացույցներ ունի: «Շատ էլ լավ ապացույցներ ունեմ: Եվ ավելի շատ ապացույցներ կարող եմ ներկայացնել», - Ավակովի ելույթն ընդհատեց Սաակաշվիլին, ինչից հետո իրադրությունը Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի նիստում, որն, ի դեպ, վարում էր անձամբ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն, դուրս եկավ վերահսկողությունից:

Քիչ անց Սաակաշվիլին անցավ անձնական մեղադրանքների, դիմելով Ավակովին՝ Օդեսայի նահանգապետն ասում էր. - «Ի տարբերություն ձեզ, ես միլիոններ և միլիարդներ չունեմ»։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը հակադարձեց. - «Ձեր միլիարդների համար մեկ այլ վայրում կպատասխանեք»։ «Իմ միլիարդները դեռ Ռուսաստանն էր որոնում, այդպես էլ չգտավ», - հնչեց Սաակաշվիլիի պատասխանը: Ավակովի հաջորդ ռեպլիկը չուշացավ. - «Բերանդ փակի՛ր, կոռումպացվա՛ծ նահանգապետ: Գողի մեկը»:

Այս ողջ ընթացքում նիստը վարող Պորոշենկոն զբաղված էր միայն կողմերին միմյանց չհայհոյելու կոչեր ուղղելով:

Քիչ անց ներքին գործերի նախարարը փորձեց շարունակել ելույթը, այս անգամ ևս առանց որևէ հաջողության։

Իսկ երբ Արսեն Ավակովը ջրով լի բաժակը շպրտեց Սաակաշվիլիի ուղղությամբ, ճիշտ է՝ տեսագրությունից պարզ չէ, այն ի վերջո հարվածեց Սաակաշվիլիին, թե՝ ոչ, Պորոշենկոն ստիպված էր վաղաժամ փակել Բարեփոխումների ազգայի խորհրդի նիստը։

Դրանից հետո Սաակաշվիլին և Ավակովը սկսեցին վիճել մեկ այլ հարցի շուրջ, թե ով է իրենցից ավելի ուկրաինացի: «Քո երկրի հերն անիծեցիր, գնա գրողի ծոցը ի՛մ երկրից», - բղավում էր այլայլված Ավակովը: «Ես ուկրաինացի եմ». - պատասխանում էր Վրաստանի նախկին նախագահը:

Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ`փաստորեն պաշտպանելով Սաակաշվիլիին: «Բարեփոխումների ազգային խորհրդում անթույլատրելի են վիրավորանքներն ու հայհոյանքները, առավել ևս՝ այլատյացության ենթատեքստ պարունակող վիրավորանքները, որոնք կասկածի տակ են դնում որևէ մեկի ուկրաինական հայրենասիրությունը, առաջարկում նրան լքել Ուկրաինան». - նշում էր Պորոշենկոն:

Տեսագրության հրապարակման հետ մեկտեղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը ֆեյսբուքյան իր գրառմամբ դիմել է նախագահին` հարկ համարելով նրան հիշեցնել նաև իր ծագման մասին: «Հարգարժա՛ն պարոն նախագահ, այդ ո՞ւմ ենք մեղադրում այլատյացության մեջ, ի՞նձ՝ հայի՞ս, ով երեք տարեկան հասակից ապրում է Ուկրաինայում», - հռետորական հարց է ուղղում Ավակովը Պորոշենկոյին։

XS
SM
MD
LG